ՀՀ–ում դեռ չգիտեն` երբ կգործարկվի դոնորների և ռեցիպիենտների ռեեստրը. ինչ է անում ԱՆ–ն

Մանրամասներ
բկ բժիշկ հիվանդանոց օպերացիա

Հայաստանում դեռ չեն որոշել, թե երբ կգործարկվի դոնորների և ռեցիպիենտների ռեեստրը, բայց միաժամանակ աշխատանքներ են տարվում դիակային փոխպատվաստման ծառայության ներդրման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2009 թվականին և գործում է այսպես կոչված համաձայնության կանխավարկածի սկզբունքով։ Դա նշանակում է, որ եթե մարդը կենդանության օրոք չի հայտարարել մերժման մասին, նրա օրգանները կարող են վերցվել հարազատների թույլտվությամբ, սակայն գործնականում օրենքը սկսել են մասամբ կիրառել միայն 2019 թվականից։

2024 թվականի մարտին ԱԺ–ն ընդունեց օրենքի փոփոխություններ, որից հետո հատատվեց հետմահու դոնորներից փոխպատվաստման ենթակա օրգանների և հյուսվածքների ցանկը։ Նոր դրույթների համաձայն՝ «ուղեղի մահվան» կամ «կենսաբանական մահվան» արձանագրումից հետո հնարավոր է հանել 11 տեսակի օրգաններ և հյուսվածքներ, այդ թվում՝ երիկամներ, լյարդ, սիրտ, թոքեր, ենթաստամոքսային գեղձ, ոսկրային և աճառային հյուսվածքներ, աչքի եղջերաթաղանթ, սրտի փականներ, անոթներ և մաշկային ծածկույթներ:

«Օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործարկումը գտնվում է ընթացիկ փուլում»,– հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Գերատեսչությունը միաժամանակ նշում է, որ ԱՐՄԵԴ էլեկտրոնային առողջության համակարգում կան անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններ` եղջերաթաղանթի դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործարկման համար։

Ինչ վերաբերում է սրտի փոխպատվաստման վիրահատություններին, ապա դրանք հնարավոր կլինի իրականացնել այն ժամանակ, երբ Հայաստանում գործարկվի օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրը։ Սրտի փոխպատվաստում հնարավոր կլինի անել նաև այն ժամանակ, երբ ներդրվի դիակային փոխպատվաստումը, սահմանվեն սրտի փոխպատվաստման իրականացմանն անհրաժեշտ իրավական կարգավորումները:

Միաժամանակ անհրաժեշտ է կազմակերպել բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքների անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգների վերապատրաստման դասընթացներ` ուղեղային մահը հաստատվելուց հետո համապատասխան հետագա գործընթացի կազմակերպման նպատակով, ստեղծել դիակային դոնորից սիրտ, սրտի փականներ և անոթներ վերցնող և փոխպատվաստող մասնագիտական խմբեր:

Ռեեստրի գործողության և ձևավորման կարգն ընդունվել և հաստատվել է դեռևս 2022 թվականի հունվարին, ուժի մեջ է մտել 2022 թվականի նոյեմբերին։ Հրամանով հաստատված ծրագրային աշխատանքները մշակման են հանձնվել «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի կողմից:

Գերատեսչությունը չափազանց կարևոր է համարում նախաձեռնությունը, քանի որ ռեեստրը թույլ կտա զարգացնել փոխպատվաստման ոլորտը, ինչպես նաև կարագացնի հանրապետությունում դիակային դոնորության համակարգի գործարկման գործընթացը, կբարելավի հիվանդների կյանքի որակը, կապահովի նրանց սոցիալական ադապտացիան, կնվազեցնի նրանց շրջանում մահացության գործակիցը: