Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին զանգը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կապված է աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության հետ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։
Ավելի վաղ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին: Դրանից հետո Փաշինյանը հեռախոսազրույցներ էր ունեցել նաև Իրանի նախագահ նախագահ Մասուդ Փեզեշքիանիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Լրագրողները Խաչատրյանին հարց ուղղեցին, թե ինչու Փաշինյանն առաջինը զանգահարեց Պուտինին՝ չնայած մինչ այդ փորձում էր բանակցել Ադրբեջանի հետ արևմտյան հարթակներում։ Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ «ԵՄ-ին անդամակցության մասին», իր խոսքով, պսևդոօրենքն առաջին ընթերցմամբ խորհրդարանում ընդունվելուց հետո Փաշինյանը կրկին զանգահարել էր Պուտինին և մանրամասներ ներկայացրել:
Նա նաև հիշեցրեց, որ Բայդենի նախագահության վերջին օրերին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ստորագրեցին ռազմավարական գործընկերության փաստաթուղթ: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը վերջերս Մոսկվա կատարած այցից հետո մեկնեց ոչ թե Երևան, այլ Բաքու:
«Իրենք էլ են հասկանում, որ Արևմուտքը մի քիչ այլ առաջնահերթություններ ունի հիմա։ Եվրոպան ինքն է փորձում իր անվտանգային հարցերը լուծել ԱՄՆ-ի կողմից հայտարարված նոր քաղաքականության լույսի ներքո, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև որոշակի մերձեցում է տեղի ունենում»,- նշեց Խաչատրյանը։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
0Comments