Գերիների վերադարձը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման առաջ քաշելը բանակցությունները կմտցնի փակուղի և կսրի իրավիճակը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Դա չի արվում նախապայմանների տրամաբանությամբ, արվում է դիվանագիտության ճանապարհով, ինչը և արվել է վերջին 4 տարիների ընթացքում և հարյուրհիսունքանի գերիներից հիմա ունենք հաստատված 23 գերի, որոնցից 12-ը, եթե չեմ սխալվում, արդեն 2023թվականի ժամանակ են գերեվարվել և պատանդ վերցվել։ Ուլտիմատումներ ներկայացնել որևէ կողմին՝ իրենք` մեզ, մենք՝ իրենց, նշանակում է պարզապես վերահաստատել այն, ինչ այսօր անում են մեր պետության դեմ աշխատող որոշ կողմեր և մարդիկ»,- ասաց Սիմոնյանը։
Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հայտարարությունը՝ գերիների ազատ արձակման վերաբերյալ, Սիմոնյանն առաջարկում է հայտարարություն անողին հարցնել։
«Հուսամ, որ այս հայտարարությանը կհետևեն հստակ քայլեր, և դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար»,- ասաց Սիմոնյանը։
Իսկ թե ինչ նկատի ունի ԱԺ նախագահը՝ ասելով «հստակ քայլեր», Սիմոնյանն ասաց, թե չգիտի.
«Թող զանգեն, պայմանավորվեն՝ ոնց են հետ տալու մեր գերիներին՝ բոլորին անխտիր, անկախ նրանից, թե երբ են գերեվարվել»։
0Comments