Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ և շնորհավորել երկու հարևան երկրներին ու ժողովուրդներին այս կարևոր իրադարձության առթիվ, ասվում է Իրանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում:
«Իրանը միշտ ողջունել է խաղաղության, հաշտեցման և կայունության հաստատումը տարածաշրջանում, հատկապես իր հարևանների միջև՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանմամբ», - ասվում է Փեզեշքիանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ։
Վարչապետն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը ողջունել են բազմաթիվ պետություններ և կառույցներ:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։
Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»:
0Comments