Նենսի Փելոսիի այցի կարևորությունը և արդյունքները. փորձագիտական կարծիքներ

Մանրամասներ

1

1lurer.am։ Ամերիկայի Միացյալ Նահանգների երրորդ դեմքի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան պատմական է, արձանագրում են փորձագետները: Վերլուծելով երկու օրվա ընթացքում պաշտոնյաների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու Փելոսիի հնչեցրած ուղերձները` քաղաքագետները նշում են՝ այցն ապահովեց սահմանային իրավիճակի կայունացում, իսկ մեր պետականության հակառակորդներին ցույց տվեց՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տեղի ունեցող գործողությունները չեն համընկնում Միացյալ Նահանգների շահերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակը շեշտեց՝ իր երկիրը, ի թիվս մի շարք հարցերի, Հայաստանի ընկերն է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրում Թուրքիային հակազդելու հարցում:

Քաղաքագետ Արեգ Քոչինյանն այս հայտարարությունում նաև Ադրբեջանին զսպելու ուղերձ է նկատում:

Արեգ Քոչինյան (Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ) - Ադրբեջանի գործողություններն, ընդհանրապես, միշտ հենված են թուրքական ապահովագրող ֆակտորի վրա: Այսինքն՝ Ադրբեջանն այսպես ազատ է իր գործողությունների մեջ, որովհետև գիտի, որ ինքն ունի ապահովագրող: Բայց, եթե ինքը չունենա այդ ապահովագրողը կամ ապահովագրողն իրեն ասի, որ այսինչ գծից հետո մենք այլևս ապահովագրել չենք կարողանա, ապա Ադրբեջանը շատ ավելի կաշկանդված կդառնա իր գործողությունների մեջ:

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները դատապարտելու համար Ներկայացուցիչների պալատ բանաձև է ներկայացվել. հայտարարվեց Նենսի Փելոսիի և Ալեն Սիմոնյանի համատեղ ասուլիսի ընթացքում: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով` բանաձևի ընդունումը լուրջ նախազգուշացում կլինի։

Ստեփան Գրիգորյան (քաղաքագետ) - Չեմ բացառում, որ, եթե Ադրբեջանը նորից փորձի հարձակում անել, Միացյալ Նահանգների Կոնգրեսը սանկցիաները սկսի կիրառել:

Արեգ Քոչինյանը պատժամիջոցներից ավելի կարևոր է համարում բանաձևով Հայաստանին աջակցության տրամադրումը: Այս համատեքստում քաղաքագետները կարևորում են նաև Նենսի Փելոսիի հանդիպումը Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որը օրակարգով ի սկզբանե նախատեսված չէր:

Արեգ Քոչինյան - Եթե, օրինակ, Կոնգրեսում շրջանառվի Հայաստանին աջակցության ակտը, որը կնախատեսի ինչ-ինչ համագործակցություն՝ անվտանգության, սպառազինության, տեխնիկական մատակարարումների հարցերում, սա ինձ համար շատ ավելի հետաքրքիր է Ադրբեջանի ուղղությամբ պատժամիջոցներից, որովհետև պատժամիջոցները ժամանակակից աշխարհում, փորձը ցույց է տալիս, որ երբեք իրենց նպատակին չեն հասնում:

Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում, անվտանգային հարցերից բացի, քննարկվել է նաև Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակը: Քաղաքագետներն ընգծում են՝ Նենսի Փելոսիի այցը Հայաստանում ժողորդավարության բարձր մակարադակի մասին է վկայում:

Արեգ Քոչինյան - Մենք տեսնում ենք, որ նախագահ Բայդենի վարչակարգը հայտարարել է, որ կան ժողովրդավարական պետություններ, և կան ոչ ժողովրդավարական պետություններ: Միացյալ Նահանգների նպատակն է՝ աջակցել հնարավորինս ժողովրդավարական պետություններին: Հայաստանը Միացյալ Նահանգների կողմից դիտարկվում է, որպես ժողովրդավարական պետություն, սրա ապացույցն է մեր վարչապետին ուղարկված հրավերը ժողովրդավարության հայտնի գագաթնաժողովին:

Հայ և ամերիկացի պաշտոնյաների հանդիպումների ընթացքում առաջ է քաշվել նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Հայաստանի միանալու հարցը: Մեր երկրի մասնակցությունը ծրագրին կասեցվել էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո:

Ստեփան Գրիգորյան - Այդ ծրագրերն իրենց մեջ պարունակում են միլիարդանոց աջակցություն: Այս աջակցությունը մենք կստանանք` հենց ժողովրդավարությունը զարգացնելու համար:

Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի` Հայաստան կատարած այցը քաղաքագետները հաջողված են որակում, նշում են՝ այն ևս մեկ և լուրջ քայլ է գործակցության խորացման ուղղությամբ:

Հեղինակ` Նորայր Շողիկյան