Բայդենն ամերիկացիներին դիմել է հրաժեշտի ուղերձով

Մանրամասներ
Բայդեն

ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել ամերիկացիներին ուղղված հրաժեշտի հեռուստաուղերձով, որը հեռարձակվել է Սպիտակ տան YouTube ալիքով:

Նա ասել է, որ ապահովել է Դոնալդ Թրամփին իշխանության խաղաղ անցումը և հաջողություն է մաղթել նոր վարչակազմին։ Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է «ժողովրդավարությանը սպառնացող օլիգարխիայի» առաջացման մասին (նկատի ունի Թրամփի մերձավոր շրջապատի միլիարդատերերին-Խմբ.):

Բայդենը հայտարարել է նաև երկրի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, որը, նրա կարծիքով, պետք է հնարավորություն տա քրեական պատասխանատվության ենթարկել օրենքը խախտած նախագահներին և նախկին ղեկավարներին։

«Մենք պետք է լրացումներ կատարենք, որպեսզի պարզ լինի, որ ոչ ոք անձեռնմխելի չէ պաշտոնավարման ընթացքում կատարված հանցագործությունների նկատմամբ», - ասել է Բայդենը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում նախագահական իշխանությունը «բացարձակ չէ և չպետք է լինի»։

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Բայդենն ասել է, որ Գազայի հատվածում հարդադարի հաստատման վերաբերյալ գործարքի ծրագիրը մշակել և իրագործել է իր վարչակազմը։

«Մենք ուժեղացրել ենք ՆԱՏՕ-ն դրսում։ Ուկրաինան դեռ ազատ է, և մեզ հաջողվել է դիմակայել Չինաստանին»,- ասել է Բայդենը՝ որևէ անգամ չհիշատակելով Ռուսաստանը կամ Վաշինգտոնի հարաբերությունները Մոսկվայի հետ:

«Ժամանակ կպահանջվի, որպեսզի մեր ձեռքբերումների ազդեցությունը զգացվի: Բայց սերմերը ցանվել են, և դրանք կաճեն առաջիկա տասնամյակների ընթացքում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Իր նախագահության ձեռքբերումների թվում նա նշել է գրեթե 17 միլիոն նոր աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև առողջապահության հասանելիության ընդլայնումը։