Սիրիական քրդերը մերժել են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու առաջարկը: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով քրդերի ներկայացուցիչ Ալդար Խալիլին, հաղորդում է ТАСС-ը:
«Թուրքիայի եւ Հյուսիսային Սիրիայի միջեւ բաժանարար գիծը հնարավոր է ՄԱԿ-ի խաղաղապահների մասնակցությամբ: Ցանկացած այլ տարբերակ անընդունելի է», - հայտարարել է Խալիլը: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան «չեզոք» չէ եւ «չի կարող լինել անվտանգության երաշխավոր»:
Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտել էր Սիրիայի հյուսիսային շրջաններում անվտանգության գոտի ստեղծելու՝ Թուրքիայի մտադրությունը եւ համարել Էրդողանի առաջարկը «որպես ագրեսիվ սպառնալիք եւ ոտնձգություն Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ»:
Երեքշաբթի Էրդողանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո, հաստատել է Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու՝ հանրապետության մտադրությունը: Հանրապետության նախագահի խոսքերով, Անկարան պատրաստ է ապահովել ցամաքային անվտանգությունը, իսկ ամերիկյան կողմը դա անում է օդային տարածքում: Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի խոսքերով, բուֆերային գոտու ստեղծման դեպքում այն վերահսկվելու է Թուրքիայի կողմից:
0Comments