Բեյրութի հարավային ծայրամասում՝ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի մոտ, ուրբաթ գիշեր հզոր պայթյուններ են որոտացել։
«Հըզբոլլահին» մոտ կանգնած աղբյուրները AFP-ին հայտնել են, որ իսրայելական բանակը առնվազն 11 հարված է հասցրել խմբավորման թիրախներին։
«Իսրայելը 11 անգամ անընդմեջ հարվածներ է հասցրել հարավային արվարձաններին»,- ասել է գործակալության զրուցակիցը, որը ցանկացել է անանուն մնալ։
Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA) հայտնել է, որ «արձանագրվել է ավելի քան 10 անընդմեջ հարված, որը Բեյրութի հարավային արվարձանների վրա ամենահզոր հարձակումներից մեկն է»։
Ինչպես հայտնում է NNA-ն, պայթյունների ձայները լսվել են Բեյրութից դուրս գտնվող լեռնային շրջաններում։
Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանել հարվածները, սակայն ավելի վաղ կոչ էր արել տարհանել հարավային Բեյրութի խաղաղ բնակիչներին:
«Դուք մոտ եք «Հեզբոլլահին» պատկանող թիրախներին, և իսրայելական բանակը շուտով կաշխատի դրանց վրա», - արաբերեն գրել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրեյը X սոցիալական ցանցում:
Բեյրութի օդանավակայանը սահմանակից է Դահիյա շրջանին, որը Հըզբոլլահի հենակետն է և իսրայելական ավիահարվածների մշտական թիրախը:
Ինչպես հայտնում են Axios-ը և CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին, Բեյրութում հարվածների թիրախը կարող էր լինել սպանված «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի զարմիկը՝ Հաշիմ Սաֆի ադ Դինը։
Նա ճանաչվել է որպես խմբավորման ղեկավար Նասրալլայի հավանական ժառանգորդ: Հայտնի չէ, թե արդյոք նա վիրավորվել է հարվածների հետևանքով։
Հինգշաբթի երեկոյան AFP-ի աղբյուրը նաև հայտնել է, որ իսրայելական հերթական հարվածի թիրախը եղել է Բեյրութի օդանավակայանի մոտ գտնվող պահեստը: Թե կոնկրետ ինչ է եղել պահեստում, պարզ չէ, գրում է գործակալությունը։
0Comments