Ավելի քան 20 երկիր հաստատել է մասնակցությունը «Ինտերվիդենիե»-ին․ Շվիդկոյ

Մանրամասներ
Ինտերվիդենիե

Ավելի քան 20 երկրներ հաստատել են իրենց մասնակցությունը «Ինտերվիդենիե» մրցույթին, որը տեղի կունենա Մոսկվայում 2025 թվականի սեպտեմբերին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

«Մրցույթին իրենց մասնակցությունն են հաստատել ավելի քան 20 երկրներ, և պետությունների թիվը շարունակում է աճել... Եվ եթե մրցույթին մասնակցում են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Չինաստանը, Բրազիլիան, ԱՊՀ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանը, Բելառուսը, Ղրղզստանը՝ ապա ակնհայտ է, որ այս մրցույթը հաջողության հասնելու մեծ շանսեր ունի», - ասել է Շվիդկոյը։

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է նաև, որ մրցույթին մասնակցելու են նաև Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի որոշ երկրներ, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան:

Միխայիլ Շվիդկոյի խոսքով՝ «Ինտերվիդենիե»-ն կդառնա վառ մշակութային իրադարձություն, որտեղ չի լինի միայն մեկ մշակված ստանդարտ, ինչպես «Եվրատեսիլ»-ում։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել 2025 թվականին Մոսկվայում և Մոսկվայի մարզում «Ինտերվիդենիե» միջազգային երաժշտական մրցույթ անցկացնելու մասին: