Անցած գիշեր Հալեպի նահանգում կատաղի բախումներ են սկսվել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ, SDF) քրդական կազմավորումների և Սիրիայի ընդհանուր անվտանգության վարչության ուժերի միջև. SDF-ի շարքերում կան սպանվածներ։ Տեղեկությունը հայտնում է «Sham FM» ռադիոկայանը:
«Բախումները եղել են Հալեպի նահանգի հյուսիսարևելյան Մանբիջ քաղաքի մերձակայքում գտնվող Տիշրին ամբարտակի շրջանում», - նշում է լրատվամիջոցը:
Ըստ ռադիոկայանի` Ընդհանուր անվտանգության վարչության ուժերը Հալեպի Այն էլ-Արաբ քաղաքի հարավային ծայրամասերում գրոհել են SDF-ի մի շարք անցակետեր։
Հիշեցնենք` «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) քրդա-արաբական կազմավորումները, որոնց հիմքը YPG-ն է (Քրդստանի աշխատավորական կուսակցություն), ամերիկյան զինվորականների աջակցությամբ վերահսկում են Սիրիայի Ալ Հասաքա և Ռաքքա նահանգների մեծ մասը, ինչպես նաև Հալեպի ու Դեր Զորի նահանգներում գտնվող որոշ բնակավայրեր:
Նրանք Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի օրոք կառավարական ուժերի հետ ռազմական գործողություններ չեն վարել և պահպանել են իրենց ռազմական ներուժը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող միջազգային կոալիցիայի զինված ուժերի աջակցությամբ։
Իշխանափոխությունից հետո այսպես կոչված «Սիրիայի ազգային բանակը» (զինված ընդդիմության կազմավորումներ, որոնց աջակցում է Թուրքիան. խմբ.) Հալեպի նահանգի հյուսիսում՝ Մանբիջի շրջանում և սահմանամերձ Քոբանի քաղաքում (Այն էլ-Արաբ) ռազմական գործողություն սկսեց քրդական կազմավորումների դեմ:
0Comments