Պետդեպն Իսրայելում ԱՄՆ դիվանագետներին կարգադրել է չլքել Թել Ավիվի և Երուսաղեմի կենտրոնը

Մանրամասներ
երուսաղեմ

ԱՄՆ Պետդեպարտամենտը, Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակման ֆոնին, սահմանափակումներ է մտցրել ամերիկացի դիվանագետների տեղաշարժի համար Թել Ավիվի կենտրոնում, ինչպես նաև Երուսաղեմում, հաղորդում են Պետդեպարտամենտը և Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը։

«Անվտանգային միջավայրը մնում է բարդ և կարող է արագ փոփոխվել՝ ելնելով քաղաքական իրավիճակից և վերջին իրադարձություններից», - ասվում է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ, որպես նախազգուշական միջոց, ամերիկացի դիվանագետներին և նրանց ընտանիքների անդամներին արգելվում է անձնական նպատականերով ճանապարհորդել Թել Ավիվի կենտրոնից, ինչպես նաև Երուսաղեմից և Բերշեբայից դուրս։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք տեսել ենք, որ Իրանը հրապարակային սպառնալիքներ է հնչեցնում Իսրայելի դեմ... Ես չեմ պատրաստվում խոսել կոնկրետ գնահատականների մասին, որոնք հանգեցրին նրան, որ սահմանափակեցինք անձնական ճանապարհորդությունը մեր աշխատակիցների և նրանց ընտանիքների համար, բայց պարզ է, որ մենք վերահսկում ենք իրավիճակը Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Իսրայելում սպառնալիքների հետ կապված»,- լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ համապատասխան որոշումը բացատրել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Այսօր The Wall Street Journal-ը (WSJ), հղում անելով իր աղբյուրին, գրել է, որ Իրանը Դամասկոսում իր դեսպանատան հյուպատոսական բաժնին իսրայելական ռազմական հարվածի կապակցությամբ կարող է Իսրայելին պատասխանել 24-48 ժամվա ընթացքում։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ Իսրայելը Իրանից հյուսիսից կամ հարավից ուղղակի հարձակման է պատրաստվում։ Միաժամանակ, նշում է հրատարակությունը, Թեհրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոկին ասել է, որ Թեհրանը կպատասխանի Իսրայելի հարվածին, սակայն պատասխան միջոցները կսահմանափակվեն՝ իրավիճակի սրում չհրահրելու համար։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը իր հերթին ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն զգուշացրել է Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրման դեմ։

Օրերս Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է, որ Իսրայելը «պետք է պատժվի և կպատժվի» Սիրիայում Իրանի հյուպատոսության մահաբեր ռմբակոծության համար։

«Երբ նրանք հարձակվեցին մեր հյուպատոսության վրա, դա նման էր մեր հողի վրա հարձակմանը: Սա միջազգային նորմ է։ Չարագործ վարչակարգը սխալ է թույլ տվել և պետք է պատժվի, և այդպես էլ կլինի», - ասել է Խամենեին:

Իսրայելը կարծում է, որ Իրանի հնարավոր հարվածը ուղղված կլինի ռազմական կամ ռազմավարական թիրախներին, այլ ոչ թե քաղաքացիական ենթակառուցվածքներին, նշում է հրատարակությունը։

Իսրայելական կողմը հնարավոր հարձակման է պատրաստվում ինչպես տարածաշրջանում գտնվող իրանական պրոքսիներից որևէ մեկի, այնպես էլ հենց Իրանի կողմից՝ չբացառելով հարձակման հնարավորությունը միանգամից մի քանի ուղղությունից։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ ռազմական գերատեսչությունն ավարտել է նախապատրաստական աշխատանքները՝ արձագանքելու ցանկացած հնարավոր սցենարին, որը «կարող է տեղի ունենալ Իրանի հետ կապված»:

Ապրիլի 1-ին իսրայելցի զինվորականները հարձակվել են Դամասկոսի դիվանագիտական թաղամասի վրա, որտեղ գտնվում է Իրանի հյուպատոսությունը։ Հյուպատոսությունն ամբողջությամբ ավերվել է. հարձակման հետևանքով զոհվել են իրանցի գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջա Ռահիմին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ սպա: Էբրահիմ Ռաիսին ասել է, որ հարվածի հեղինակներն ու հովանավորները «կպատժվեն մոջահեդների ձեռքով»։