Ռուսաստանն ինքն իրենով կմեռնի. Այս կառավարությունն էլ կփոխեն, կգա կառավարություն, որն ավելի խելամիտ կլինի

Մանրամասներ
ա

«Ռուսաստանն ընդհանուր առմամբ ֆաշիստական պետություն է, որը ցեղասպանություն է իրականացնում։ Եվ այդ երկիրը մեդիա չունի, ունի պրոպոգանդա։ Դա Հայաստանի լրատվամիջոցների սխալն է, որ մինչև հիմա միջազգային լրահոսը ռուսական լրահոսից են վերցնում։

Հայաստանի կառավարությունն ունակ չէ այդ հարցը լուծել, որ դադարեցվի այդ քարոզչությունը Հայաստանում։ Իրենք Պուտինի կազմակերպած բանակցություններին են մասնակցում, և խոսքն ամենևին այն մասին չէ, որ այլ տարբերակ չունեն։ Հայաստանի իշխանություններն այսօր ունեն այլ տարբերակ, բայց ընտրել են այս ռազմավարությունը։

Ռուսաստանն ինքն իրենով կմեռնի։ Եվ ՀՀ իշխանությունների այս քաղաքականությունը կրիտիկական սխալների տեղիք է տալիս, որովհետև ինչքան մենք ուշացնում ենք Ռուսաստանից պոկվելը, այնքան համապատասխանաբար մենք ստանում ենք կորուստներ թե տնտեսական, թե արտաքին քաղաքական ոլորտում։

Մենք օդիոզ դեմքեր ունենք մեր կառավարությունում, Ազգային ժողովում։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մերոնք չեն հասկանում, որ պատերազմ է գնում, որտեղ Ռուսաստանը ոչնչանում է։ Ռուսաստանը՝ որպես միջազգային խաղացող, այլևս ոչնչացել է, Ռուսաստանի ներկայությունն այս տարածաշրջանում բացառապես բացասական դեր է խաղում։

Ուկրաինայի պատերազմն ավարտվելու է այնպես, որ 4 կետից մեկն այն է լինելու, որ Ռուսաստանն իր սահմաններից դուրս երբևիցե իրավունք չի ունենալու և չի կարողանալու գործողություններ իրականացնել։ Դա նշանակում է, որ ռուս միջնորդներ չեն լինելու։ Այսինքն՝ ինքը խաղաղապահի մանդատ չի ստանալու։ Դրանից օգտվելու են թե Մոլդովան, թե Ադրբեջանը, և ռուսական զորքը ռադ են անելու։ Թե մերոնք հույսն ինչի վրա են դրել, ես չգիտեմ։

Դա սուտ է, ռուսական առաջարկները կեղծ են, կարգավիճակի հարցը հետոյին թողնելը ո՞րն է։ Ուղղակի Ռուսաստանը Ալիևին խոստում է տվել, հիմա ուզում է տակից դուրս գալ։ Ամբողջ խնդիրն այն է, որ կա մի ստվար զանգված, ովքեր հավատում են, թե Ռուսաստանն Արցախում ինչ-որ բան կարող է անել։ Բայց Ռուսաստանն այլևս գոյություն չունի որպես այդպիսին, ոչ տնտեսություն ունի, ոչ բանակ։ Սա վերջացած պատմություն է, և ինչքան մենք երկար ձգենք, այնքան վատ է լինելու։ Մենք որևիցե ընդհանուր բան այլևս չունենք Ռուսաստանի հետ, բայց ունենք կառավարության անդամներ, ովքեր շարունակում են Հայաստանը կապել Ռուսաստանի հետ, հայտարարում են, թե 11 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, բայց Կենտրոնական բանկը միանգամից հայտարարում է, որ գնաճն էլ 10 տոկոս է։

Արևուտքի ուղերձն այսօր այն է, որ Ռուսաստանին ուղարկեք ռուսական նավի հետևից, որ կարողանանք ձեզ հետ գործ անել։ Այսինքն՝ Արևմուտքն ամեն ինչ անելու է, Հայաստանը պահելու են, Հայաստանն իրենցով են անելու, անկախ նրանից՝ այս կառավարությունն իրենց ասածներն անելու է, թե ոչ։ Հարկ եղած դեպքում այս կառավարությունն էլ կփոխեն, կգա կառավարություն, որն ավելի խելամիտ կլինի այս հարցերում»։ Այս մասին Lragir.am-ին ասել է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը