Ռուսաստանը խստորեն դատապարտում է ցանկացած գործողություն, որը քաղաքացիական անձանց մահվան է հանգեցնում. ԱԳՆ

Մանրամասներ
գազա

Ռուսաստանը խստորեն դատապարտում է ցանկացած գործողություն, որը հանգեցնում է քաղաքացիական անձանց մահվան և սոցիալական ենթակառուցվածքների ոչնչացմանը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետ։

«Մարտի 18-ի գիշերն իսրայելական բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Գազայի հատվածի մի շարք թիրախների, այդ թվում՝ Նուսեյրաթ և Ալ-Մավասի փախստականների ճամբարներին՝ համապատասխանաբար պաղեստինյան անկլավի կենտրոնում և հարավում։ Գազայի բժշկական ծառայությունները հայտնել են, որ զոհվել է ավելի քան 300 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Մոսկվան խորն ափսոսանք է հայտնել Գազայի հատվածում Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ։ Ինչպես ցույց է տալիս փորձը, պատանդներին ուժով ազատ արձակելու հարցը հնարավոր չէ լուծել։ Ռուսաստանը խստորեն դատապարտում է ցանկացած գործողություն, որը հանգեցնում է քաղաքացիական անձանց մահվան և սոցիալական ենթակառուցվածքների ոչնչացմանը։

Մոսկվան իսրայելական և պաղեստինյան կողմերին կոչ է անում վերադառնալ բանակցային գործընթացին, որն ուղղված է կալանավորված անձանց խնդրի փոխընդունելի փոխզիջումային լուծման մշակմանը, որը կապահովի Գազայի հատվածում իրավիճակի կայուն կարգավորումը և կսկսի պաղեստինյան անկլավի ամբողջական վերականգնումը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։