Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները Կահիրեում կայացած գագաթնաժողովի ժամանակ հաստատել են 53 միլիարդ դոլար արժողությամբ Գազայի վերակառուցման ծրագիր, որի նպատակն է հակազդել «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» պիտակավորված ԱՄՆ սխեմային։
BBC-ն հաղորդում է, որ 91-էջանոց համապարփակ նախագիծը մշակել է Եգիպտոսը։ Այս նոր ծրագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած պլանից տարբերվում է նրանով, որ այն միայն բնակավայրերի վերակառուցման մասին չէ, այլ առաջնային տեղ է տալիս քաղաքականությանը և պաղեստինցիների իրավունքներին, ընդգծում է BBC-ն։
Մարտի 4-ին տեղի ունեցած ԱՊԼ երկրների գագաթնաժողովի ընթացքում լիգայի անդամ երկրները հաստատել են նաև անկախ ինքնիշխան պետություն ստեղծելու պաղեստինցիների իրավունքը։ Ըստ Al-Sharq պարբերականի՝ գագաթնաժողովի բացման իր ելույթում ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Ղեյտը հայտարարել է, որ Գազայի հատվածի վերակառուցումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ զենքերը լռեն, և իսրայելական ուժերը լիովին դուրս գան այնտեղից։
«Եգիպտոսի ծրագիրն այժմ արաբական ծրագիր է», – հայտարարել է նա՝ ընդգծելով, որ «արաբական դիրքորոշումն այն է, որ մերժվի ցանկացած տեղահանում, լինի դա կամավոր, թե հարկադրված»։Բացի այդ, ԱՊԼ երկրների եզրափակիչ հայտարարության տեքստում նշվել է արդար խաղաղության հասնելու կարևորությունը։
«Մեր ռազմավարական ընտրությունն է հասնել արդար և համապարփակ խաղաղության, որը կբավարարի Պաղեստինի ժողովրդի բոլոր իրավունքները, առաջին հերթին՝ նրա ազատության իրավունքը և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ ինքնիշխան պետության ստեղծումը՝ հիմնված երկու պետություններ ստեղծելու 1967 թ․ որոշման վրա», – նշված է փաստաթղթում։
ԱՊԼ երկրները նաև կոչ են արել միջազգային համաժողով կազմակերպել Պաղեստին պետության ստեղծման համար և պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և արդար խաղաղության հասնելու նպատակով համագործակցել ԱՄՆ-ի հետ։
0Comments