Ադրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն ստեղծելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես ընկերներ կդառնանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելու համար դեռ վաղ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլեր անել՝ վստահություն կառուցելու ուղղությամբ․ մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով, վերջերս Բաքվին մի քանի նմանատիպ նախաձեռնություններ են առաջարկվել վրացի գործընկերների կողմից։ «Մենք դրական արձագանքեցինք և սպասում ենք հայկական կողմի դիրքորոշմանը: Եթե ամեն ինչ ստացվի, ապա կարող են փոքր քայլեր սկսվել»,- նշել է Ադրբեջանի նախագահը` որպես նման քայլերի օրինակ բերելով լրագրողների փոխայցելությունները, ինչպես նաև անդրսահմանային գետերի թեմայով երկու երկրների համատեղ նիստերը:
0Comments