Թրամփը սկսել է ԱՄՆ կրթության նախարարության լուծարման գործընթացը

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարողական հրամանագիր է ստորագրել դաշնային Կրթության նախարարությունը լուծարելու մասին։ Հրամանագրով նախատեսվում է կրթության հետ կապված քաղաքականությունն ամբողջովին հանձնել նահանգներին և տեղական խորհուրդներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մենք կրթությունը կվերադարձնենք այնտեղ, որտեղ դրա տեղն է, շատ պարզ», - ասել է Թրամփը Սպիտակ տան Արևելյան սենյակում հրամանագիրը ստորագրելու արարողությանը, որին ներկա են եղել նաև աշակերտներ՝ խորհրդանշական կերպով իրենք էլ ստորագրելով «հրամանագրեր»։

Մարտի 20-ին ստորագրված հրամանագիրն առաջին քայլն է նախարարությունը ցրելու ուղղությամբ։ Հարցը դեռ պետք է քվեարկության դրվի Կոնգրեսում, իսկ ըստ Reuters-ի՝ այնտեղ այս նախագիծն անցկացնելու համար դեռ մի քանի ձայնի պակաս կա։ 

Սպիտակ տունը պնդում է, որ Կրթության նախարարությունը գումարի կորուստ է, և որ գերատեսչությունում արված տրիլիոնավոր դոլարի ներդրումներն իրենց չեն արդարացրել։ 

Նախարարությունը վերահսկում է ԱՄՆ-ում շուրջ 100 000 հանրային դպրոց և 34 000 մասնավոր դպրոց՝ չնայած հանրային դպրոցների ֆինանսավորման ավելի քան 85%-ը կատարվում է նահանգային և տեղական կառավարությունների կողմից։ Գերատեսչությունը դաշնային դրամաշնորհներ է դրամադրում կարիքավոր դպրոցներին, ֆինանսավորում ծրագրեր՝ վճարելու հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատող ուսուցիչներին, փոխարինելու հնացած ենթակառուցվածքը։ Բացի այդ, Կրթության նախարարությունը վերահսկում է 1,6 տրիլիոն դոլարի ուսանողական վարկերը։ 

Առայժմ Թրամփի հրամանի նպատակն է կրճատել նախարարության կազմն այնքան, որ այն կատարի միայն վարկերը կառավարելու, ցածր եկամուտ ունեցող ուսանողներին քոլեջ այցելելու համար դրամաշնորհներ տրամադրելու, հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատելու ռեսուրսներ տրամադրելու գործառույթները։