ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան պետք է երաշխավորի ամերիկյան ներդրումների անվտանգությունը. խոսքը ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Կիևին տրամադրված ֆինանսական օգնության մասին է:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ընդերքը հարուստ է հազվագյուտ մետաղների, նավթի և գազի զգալի պաշարներով, իսկ ԱՄՆ-ն, որն արդեն հարյուր միլիարդավոր դոլարներ է ներդրել երկրում, կցանկանար հետ ստանալ այդ գումարներին համարժեքը։
«Ես ուզում եմ, որ մեր փողերը ապահով լինեն: Որովհետև մենք ծախսում ենք հարյուր միլիարդավոր դոլարներ։ Նրանք կարող են գործարք կնքել, կարող ենք և չկնքել: Նրանք կարող են մի օր դառնալ Ռուսաստան, կարող են և չդառնալ»,- ասել է նախագահը:
Թրամփը նշել է, որ Վաշինգտոնն ավելի քան 300 մլրդ դոլար է հատկացրել Ուկրաինային, մինչդեռ Եվրոպան՝ մոտ 100 մլր: Այժմ նա մտադիր է վերադարձնել այդ միջոցները։
«Ես նրանց ասացի, որ ուզում եմ 500 միլիարդ դոլարին համարժեք հազվագյուտ մետաղներ, և նրանք ընդհանուր առմամբ համաձայնեցին դա անել: Այնպես որ, մենք գոնե մեզ հիմար չենք զգա։ Հակառակ դեպքում մենք հիմար ենք»,- հայտարարել է նախագահը։
Անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփն ասել էր, որ ծրագրում է համաձայնագիր կնքել Կիևի հետ, ըստ որի ամերիկյան օգնությունը կվճարվի հազվագյուտ հողային մետաղներով։ Սրան ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել րէ, որ պատրաստ է գործարքի գնալ՝ անվտանգության երաշխիքների դիմաց։
Ուկրաինական Forbes ամսագրի տվյալներով՝ 2023 թվականի ապրիլի դրությամբ Ուկրաինայի հանքային պաշարների ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 15 տրիլիոն դոլար։ Միևնույն ժամանակ, օգտակար հանածոների պաշարների ավելի քան 70%-ը գտնվում է Ռուսաստանի կազմի մեջ մտնող ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի մարզում:
0Comments