Երբ է հրապարակվելու խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանը պարզաբանում է

Մանրամասներ
նիկոլ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են տեքստի  համաձայնեցմամբ, ինչը կարեւոր իրադարձություն է: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեքստի հրապարակման հետ կապված, անկեղծ ասած, պրակտիկաներին պետք է նայել, թե ինչպիսին է: Մենք այդ տեքստում մենք մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք եւ, ըստ էության, հոդված-հոդված առանձին, այսպես, թե այնպես  հրապարակվել է: Չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ»,-ասաց նա:

Անդրադառնալով համաձայնագիրը ստորագրելու ժամկետներին, վարչապետն ասաց. «Մենք արդեն արձանագրեցինք, որ տեքստը պատրաստ է ստորագրման, մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների ու տեղի մասին: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է  հանդես եկել, որ երկկողմ ֆորմատով պատրաստ են քննարկումներ սկսել: Իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք մերն ունենք, ենթադրում եմ, որ այդ քննարկումների ժամանակ կփորձենք այդ պատկերացումները մոտեցնել»: