Ստերն ու մանիպուլյացիաները մերկացնե՞լ, թե՞ անտեսել. «Փաստ»

Մանրամասներ
քպ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաճախ կարելի է քաղաքական գործիչներին ու հատկապես լրատվամիջոցներին ուղղված դիտողություններ լսել, թե Փաշինյանի ասածներին, ամեն մի ստին չարժե անդրադառնալ: Ուղղակի պետք է արհամարհել և այսպիսով նրան որոշակի «բլոկադայի» ենթարկել: Դիտողություններ անողները նկատում են, որ Փաշինյանի ուզածն էլ հենց այն է, որ իր ցանկացած արտահայտություն, այդ թվում՝ արտաքուստ սենսացիոն, արձագանք ստանա ու այդպիսով տարածվի:

Առհասարակ, ասվածի մեջ որոշակի ճշմարտություն կա: Այո, դա ագրեսիվ «փիարի» եղանակներից մեկն է (ինչպես, ասենք, այն մոտեցումը, թե՝ «կարևոր չէ՝ ինչ են խոսում քո մասին, կարևորը, որ խոսում են»):

Բայց...Լրատվամիջոցները, մեծ հաշվով, չեն կարող չանդրադառնալ: Դա իրենց աշխատանքի մի մասն է: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին կամ գործիչներին, ապա այստեղ պետք է մի քանի հակա-դիտողություն անել: Տեսեք, եթե չեն հակադարձում ստերին, դրանք չեն մերկացնում, հասարակությանը չեն բացատրում, թե ինչն է սուտ, կամ որտեղ ու ինչով են իրեն մոլորեցնում, դա նշանակում է, որ թույլ են տալիս, որ այդ սուտը հանրային ընկալման մեջ ավելի արմատավորվի:

Առավել ևս, որ տարիներ շարունակ, նույն «նախկինների» օրոք, հաճախ պատշաճ հակադարձում չի եղել նույն Փաշինյանի ու ոչ միայն նրա կողմից տարածվող ստերին, կեղծիքներին, նենգախեղումներին: Հետևա՞նքը: Իսկ հետևանքն ահավոր է:

Հենց այդ՝ ժամանակին չհակադարձված ու չմերկացված ստերի վրա հյուսվել են կայուն կաղապարներ, «միֆեր», ա ն խախտ «պատկերացումներ » , որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Կան միջազգային ուսումնասիրություններ, որոնց համաձայն, Հայաստանում նախկին տարիների հետ կապված ինֆորմացիոն կեղծիքը կազմում է մոտ 80 տոկոս: Այսինքն, Փաշինյանի ու նրա նման «քարոզիչների» հյուսած պատկերները և դրանց վրա ձևավորված հանրային պատկերացումներն առնվազն 80 տոկոսով շեղվում են իրականությունից:

Այնպես որ, ստերի ու մանիպուլյացիաների մերկացումը պարտադիր է: Առանց այն էլ խեղաթյուրված ընկալումների առումով բավականին ծանր վիճակում ենք: Մարդկանց աչքի առաջ իրենց երկրի մի ահռելի մասը տվեցին թշնամուն, իսկ շատերը խոսում էին... ինչից ասես, միայն թե ոչ դրանից:

Ի դեպ, հիմա արդեն կարելի է նաև լսել, թե մարդկանց աչքերը վերջապես բացվում են, մարդիկ սկսում են տեսնել: Կարծում ենք, որ դա տեղի է ունենում նաև այն բանի շնորհիվ, որ կան պաշտոնական քարոզչության ու թիվ 1 քարոզիչի ստերն առանց հոգնելու գրանցողներ, նրա ասածների սուտը «բռնողներ» ու մերկացնողներ: