Իրանի ԱԳՆ-ն կանչել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի հետ համատեղ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ արտահայտվելու փորձի առնչությամբ, գրում է Mehr-ը։
«Թեհրանում բրիտանական, ֆրանսիական և գերմանական առաքելությունների ղեկավարներն այսօր կանչվել են Իրանի ԱԳՆ՝ բողոքելու ԱՄՆ-ի հետ երեք եվրոպական երկրների դավադրության դեմ՝ Անվտանգության խորհրդի մեխանիզմը չարաշահելու և Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ դռնփակ հանդիպման անցկացման դեմ», - ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննադատել էր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և երեք այլ երկրների խնդրանքը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դռնփակ նիստ անցկացնելու վերաբերյալ՝ Իսլամական Հանրապետությունում ուրանի հարստացման տեմպերի բարձրացումը քննարկելու նպատալով։
«Անվտանգության խորհրդի փակ նիստի անցկացումը որոշ երկրների խնդրանքով նոր և տարօրինակ պրակտիկա է։ Այս հանդիպումը կասկածի տակ է դնում այն երկրների բարի կամքը, որոնք պահանջել են դրա անցկացումը», -շեշտել է Արաղչին։
«Հուսով ենք, որ Անվտանգության խորհուրդը կկատարի իր հիմնական խնդիրը՝ պահպանելով խաղաղությունն ու անվտանգությունը, և չի ենթարկվի որոշ երկրների ազդեցությանը»,- հավելել է նա։
Մարտի 11-ին Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 12-ին փակ դռների հետևում կքննարկի Իսլամական Հանրապետությունում հարստացված ուրանի աճող պաշարները։ Ըստ գործակալության աղբյուրների՝ հանդիպումը կանցկացվի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի և երեք այլ երկրների՝ Հունաստանի, Պանամայի և Հարավային Կորեայի խնդրանքով։
0Comments