Բելգորոդի մոտ կործանված Իլ-76 ինքնաթիռը խոցվել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգից. Պուտին

Մանրամասներ
պուտին ջղայն

ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել՝ Բելգորոդի մերձակայքում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման վերաբերյալ։ Ըստ ՌԴ նախագահի՝ արդեն իսկ հաստատվել է, որ Իլ-76-ը խոցվել է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, հայտնում է Интерфакс-ը։

«Ուկրաինայի իշխանությունները ինչ-որ տեղ ասացին, որ ցանկանում են միջազգային հետաքննություն անցկացնել։ Մենք խնդրում ենք այդ մասին, պնդում ենք, որ միջազգային հետաքննություն անցկացվի։ Սակայն պատրաստակամ պաշտոնական կազմակերպություններ չկան»,- ասել է Պուտինը՝ չորեքշաբթի օրը իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ:

«Ի դեպ, պետք է ավելացնեմ, որ ինքնաթիռը խոցվել է, և արդեն հաստատված է, ամերիկյան Patriot համակարգի կողմից»,- ասել է նա։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ հենց դրա համար անհրաժեշտ է միջազգային հետաքննություն անցկացնել։

«Օգտվելով առիթից՝ պաշտոնապես ասում եմ՝ խնդրում ենք ուղարկել միջազգային փորձագետներ և կատարել այս վերլուծությունը, գնահատել առկա իրեղեն ապացույցները, քանի որ ինքնաթիռը խոցվել է Patriot համակարգից. կա կոնկրետ տեղ, և կա կոնկրետ ժամանակ»,- նշել է Պուտինը։

Ռուսական տրանսպորտային ինքնաթիռը խոցվել է հունվարի 24-ին՝ Բելգորոդի շրջանում։ ՌԴ Քննչական կոմիտեն ավիաաղետը հետաքննում է որպես ահաբեկչություն։