Զատուլինին արգելել են Ղազախստան մտնել

Մանրամասներ

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին թույլ չեն տվել մուտք գործել Ղազախստան՝ այցի անցանկալի լինելու պատճառով։ Այս մասին, ինչպես գրում է newtimes.kz կայքը, հայտնել է Sputnik-ը՝ հղում անելով պատգամավորի մամուլի ծառայությանը։

«Ռուս պատգամավոր Կոնստանտին Զատուլինին թույլ չեն տվել մտնել Ղազախստան… Նրան ասել են, որ նրա այցը անցանկալի է և թույլ չեն տվել անցնել անձնագրային հսկողության գոտի»,- ասվում է հրապարակման մեջ։

Մինչդեռ Զատուլինի մամուլի ծառայությունից РБК-ին հայտնել են հետևյալը.«Որոշ դժվարություններից և իրավիճակին ՌԴ ԱԳՆ միջամտությունից հետո խնդիրը լուծվել է»:

Հիշեցնենք, որ մոտ երեք տարի առաջ պատգամավորը, ի պատասխան ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները չճանաչելու մասին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հայտարարության, ասել էր, որ «եթե բարեկամություն չկա, ապա ամեն ինչ հնարավոր է, որ տեղի ունենա ինչպես Ուկրաինայի դեպքում»։