Մերձավոր Արևելքն ավելի է ցնցվում, ՀԱՊԿ-ը պետք է ամրապնդի իր ներուժը. մշտական ներկայացուցիչ

Մանրամասներ
Վիկտոր Վասիլև

Մերձավոր Արևելքի տարածաշրջանը ավելի ու ավելի է ցնցվում, և ներկայիս ճգնաժամերի ֆոնին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է ավելացնի իր ներուժը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «Союзники. ОДКБ»–ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ կազմակերպությունը պետք է պատրաստ լինի դիմակայել իր պատասխանատվության գոտում առկա և հնարավոր մարտահրավերներին։

«ՀԱՊԿ աշխատանքն ընթանում է տարածաշրջանային և գլոբալ իրադրության դեգրադացիայի, ինչպես նաև միջազգային հարաբերություններում առկա ճգնաժամի ֆոնին։ Առանցքային դերակատարները փաստացի հրաժարվել են միջազգային իրավունքի համընդհանուր նորմերից, ինչը հանգեցրել է անվտանգության մակարդակի նվազման և խնդիրների կարգավորման հարցում ուժային մեթոդների կիրառման աճի։ Դրանց լուծման հեռանկարները շարունակում են խիստ անորոշ մնալ»,- նշել է դիվանագետը։

Վասիլևն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրասիայում անվտանգության նոր համակարգի հիմնական տարրերից մեկը: Նրա կարծիքով՝ աշխարհաքաղաքական իրողությունները պահանջում են ուժեղացված ուշադրություն դարձնել եվրասիական մայրցամաքի երկրների աշխարհագրական և պատմական կապերին։ Հենց սրա հիման վրա էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Եվրասիայում անվտանգության ճարտարապետության ստեղծման գաղափարը՝ հիմնվելով տարածաշրջանային առկա կառույցների վրա։

Դիվանագետը նաև կարևորել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) հետ ՀԱՊԿ համագործակցության զարգացումը: Նրա խոսքով՝ փոխգործակցության նման ձևաչափն ուղղված է տարածաշրջանային կայունության ամրապնդմանը, անվտանգության, տնտեսության և մարդասիրական ոլորտներում համագործակցության նոր մեխանիզմների զարգացմանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Երևանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը կազմակերպությանը։