Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում շարունակում են մանևրելու իրենց քաղաքականությունը` չնայած միևնույն ժամանակ կոշտ հռետորաբանությամբ են հանդես գալիս։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանը վերջնական դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, այլ ուղղակի հայտարարություններ է անում այդ մասին կամ սառեցնում է հարաբերությունները։
Դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք արդեն իսկ համարում են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է։ Նա նաև հայտարարեց, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցումն Արցախի հարցի հետ կապ չունի։
Ըստ Հարությունովի՝ ՀԱՊԿ-ում դե ֆակտո անդամակցությունը պահպանելը մի քանի պատճառ կարող է ունենալ և դրանից մեկը մանևրելն է, որովհետև Երևանը չի բացառում, որ հետագայում քաղաքական ուղղությունը կարող է կրկին փոխվել ու դառնալ պրոռուսական։
«Երկրորդ՝ վստահություն չկա, որ բոլոր այն խնդիրները, որոնք հայկական կողմն ունի անվտանգային ոլորտում, Արևմուտքը ՀԱՊԿ-ի փոխարեն կլուծի։ Պատճառները թվարկելիս չի կարելի բացառել նաև այն, որ մինչև հիմա պահպանվում է Ռուսաստանի հետ ռազմական տեխնիկայի սպասարկման հարցը։ Հայաստանը, դեռևս լինելով ՀԱՊԿ անդամ, որոշակի արտոնություններ, այնուամենայնիվ, ունի»,- նշեց Հարությունովը։
Նա անդրադարձավ նաև այն հանգամանքին, թե Արևմուտքից երաշխիքներ չունենալով, իսկ ՀԱՊԿ-ում արտոնություններ ունենալով հանդերձ` ինչու Փաշինյանը առիթը բացի չի թողնում կազմակերպության մասին կոշտ արտահայտվելու համար։ Շեշտեց՝ ամեն դեպքում Հայաստանը ցանկանում է Արևմուտքին ցույց տալ, որ լոյալ է, քանի որ որոշակի մոտեցումներ կան, թե անվտանգային առումով արևմտյան մոդելն ավելի արդյունավետ է։ Հարությունովի պնդմամբ՝ կան նաև ներքաղաքական գործոններ, որովհետև այսօր ՀԱՊԿ-ի նկատմամբ ներքին տրամադրվածությունները բավականին բացասական են։
Արդյոք կլինի՞ ավելի արդյունավետ և բարձր մակարդակով համագործակցություն Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև, եթե տեսականորեն ենթադրենք, թե ՀՀ-ն վերադառնում է ՀԱՊԿ ու վերականգնում իր մասնակցությունը լիարժեք ֆորմատով։
«Մենք գիտեինք, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի գործընկերը Ռուսաստանն է։ Բայց այդ երկրի խնդիրները տվյալ ոլորտում կապված են Ուկրաինայի կոնֆլիկտի հետ ու, եթե այն ինչ-որ կերպ վերջանա, գուցե չբացառվի նման բան։ Այս պահին քիչ հավանական է»,- ասաց Հարությունովը։
Նրա խոսքով՝ բացի ռազմատեխնիկական ասպեկտից կան նաև ավելի գլոբալ անվտանգային խնդիրներ։ Նույնիսկ եթե հայկական կողմն ինչ-ինչ պատճառներով, անգամ իշխանափոխության դեպքում վերականգնի հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, ապա այն ակնկալիքները, որ Երևանն ուներ մինչև 2021 թվականը, նույնը չեն լինի։
0Comments