«Վերջին բոյ պետք էր ուրիշ տեղ տալ». Բալասանյանը պատասխանել է Փաշինյանին

Մանրամասներ
սամվել բալասանյան նիկոլ

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է, որ իր ընտանիքը Սև բերդ ամրոցը ձեռք է բերել նախկին սեփականատիրոջից, ոչ թե համայնքից: Նա հայտարարություն է տարածել` պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Փաշինյանը մարտի 9-ին Գյումրիում կուսակիցների հետ գալա-միջոցառման, խոսելով Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության պատճառների մասին, հայտարարել է, որ Գյումրու կարևոր սիմվոլներից մեկը՝ Սև բերդն ապօրինի սեփականաշնորհվել է և պետք է վերադարձվի համայնքին:

«Սև բերդը չի կարող դառնալ քո սիրելի #հատիկառհատիկի կոնտենտ և հայտնվել ռենջ ռովեռի կողքին: Այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ շինծու քրեական գործը վերաբերվում է ոչ թե Սև բերդ ամրոցին, այլ դրան հարակից հողերին: Կարծում եմ` քեզ զեկուցող տգետներ շատ կան: Բոլոր գյումրեցիները գիտեն, թե ինչ վիճակում է գտնվել ամրոցը մասնավոր անձից իմ գնելուց առաջ, նորից եմ կրկնում՝ մասնավոր անձից, և ինչ է դարձել հիմա»,– նշել է Բալասանյանը։

Նրա խոսքով` Փաշինյանի խղճուկ խմբակը Գյումրու զբոսաշրջային զարգացման համար չի արել 10 տոկոսն այն ամենի, ինչ արել է Սև բերդ ամրոցը՝ հարյուրհազարավոր այցելուներ բերելով քաղաք ու դառնալով թիվ մեկ այցեքարտը:

«Ինչ վերաբերում է Սև բերդի ապօրինի լինելուն, խորհուրդ եմ տալիս նախքան մեղադրելը, անմեղության կանխավարկած խախտելը, քո ելույթով պետական ողջ գործիքակազմը իմ ընտանիքի դեմ տրամադրելը՝ ստանալ ճիշտ տեղեկություններ: Մարդկային, բարոյական բոլոր սահմանները անցած անձին խորհուրդ եմ տալիս հեռու մնալ ինձանից և իմ ընտանիքից», – գրել է Գյումրու նախկին քաղաքապետը։

Դիմելով գյումրեցիներին` Բալասանյանը նշել է, որ առողջական խնդիրները կարգավորվելուն պես վերադառնալու է Գյումրի: Նա կոչ է արել Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել մինուս մեկ ձևաչափով` մերժելով հայ ազգին սև ու սպիտակի բաժանած խմբակին և նրանց դրածոյին:

«Ինձ հետ կապված բոլոր շինծու մեղադրանքների իրավական և քաղաքական պատասխանը տալու եմ, իսկ որդուս՝ Խաչատուր Բալասանյանի գործով դատաքննությունը մտել է բաց փուլ, իրավական ֆարսը բոլորի համար ակնհայտ է լինելու, չնայած այս խմբակի գործողություններում իրավական հետք փնտրելը անիմաստ է: Այդ անձը խոսեց «վերջին բոյի» մասին, ասեմ որ վերջին բոյ պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում Սև բերդի դեմ»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ Խաչատուր Բալասանյանն անցնում է Սև բերդ ամրոցի` պետական սեփականություն հանդիսացող, օտարման ոչ ենթակա հարակից հողատարածքները հանցավոր ճանապարհով սեփականաշնորհելու քրեական վարույթով։ Նա գտնվում է տնային կալանքի տակ։