Համաշխարհային կարգի փլուզման պայմաններում միջպետական հարաբերությունների որոշիչ գործոն է դարձել ուժային քաղաքականությունը, և ՀԱՊԿ-ը պետք է ադապտացվի ներկա իրավիճակին: Այս մասին «ՀՀ-ն և ՌԴ-ն՝ տարածաշրջանային և գլոբալ վերաձևավորման պայմաններում. դասեր և ռազմավարական ընտրություն» թեմայով դիվանագետների խորհրդի ու МГИМО-ի գիտաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը:
«ՀԱՊԿ-ը կարիք ունի հարմարվելու ներկա իրողություններին։ Հավաքական անվտանգության բուն սկզբունքը չի կարող օպերատիվ և արդյունավետ կերպով համահարթեցնել ժամանակակից մարտահրավերները, քանի որ երկրները յուրովի են մեկնաբանում անվտանգության սպառնալիքների մակարդակը և համապատասխան որոշումներ կայացնում»,- նշեց Այվազյանը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը, հազարավոր արցախցիների բռնագաղթը, էթնիկ զտումները, ինչպես նաև հենց Հայաստանի դեմ սկսված պատերազմը, հետզհետե մեր երկու երկրները հեռացրել են իրարից:
Դիվանագետի պնդմամբ՝ պետք է ողջ ուշադրությունը սևեռել անվտանգության քաղաքականության վրա և նպաստել, որպեսզի էքզիստենցիալ սպառնալիքները չեզոքացվեն:
0Comments