Յուրաքանչյուր պատերազմի հաջողության գրավականը հանկարծակիությունն է: Թերևս, բացառություն են կազմում միջնադարյան ասպետական պատերազմներն ու մարտերը: Սակայն, փողոցում վաղուց արդեն միջնադար չէ, իսկ Ալիև Իլհամն ամենևին էլ ասպետ չէ: Այս իմաստով, սուբյեկտիվ են Ալիև Իլհամի արտասանած ճառերի հիմքով մոտալուտ պատերազմի վերաբերյալ կանխագուշակումները: Այլ կերպ ասած` եթե Ադրբեջանը ցանկանա պատերազմել, ապա կպատերազմի առանց նախազգուշացումների:
Այդ դեպքում, ինչու՞ է աղմկում Ալիև Իլհամը:
Վերջինիս երեկվա «հայտարարությունները» կարելի է համառոտագրել մեկ նախադասությամբ, այն է` «մենք երեքով ենք` Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը»:
Ինչ վերաբերում է «հայտարարությունների սյուժեին», ապա այն ևս համառոտագրելի է` «Մենք (Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը) դեմ ենք Սորոսին, Եվրոպային և Բայդենի ԱՄՆ-ին»: Այսքանը` համառոտ Ալիև Իլհամի «հայտարարությունների» մասին:
Այժմ, ամենակարևորը` ու՞մ են ուղղված Ալիև Իլհամի «հայտարարությունները»:
Առաջին հերթին` վերջինիս բառերն ուղղված են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Ամենայն հավանականությամբ, այնպես, ինչպես 2020թ Ալիև Իլհամն ԱՄՆ-ից գործողություններ իրականացնելու «դաբրո» է սպասում: Եթե վերջինս Դոնալդ Թրամփից «դաբրոն» չստանա, ապա դեմ կլինի ոչ թե «Բայդենի ԱՄՆ-ին», այլ ուղղակի ԱՄՆ-ին:
Երկրորդ հերթին` Ալիև Իլհամի «հայտարարություններն» ուղղված են Հայաստանի լսարանին: Նախ` խուճապային տրամադրությունների ստեղծում: Բացի դրանից` եկեք կրկին անդրադառնանք Ալիև Իլհամի «հայտարարություններին»: Նա ասում է, որ դեմ է «Սորոսին, Եվրոպային և Բայդենի ԱՄՆ-ին»: Այժմ, եկեք մտաբերենք, թե ում է դեմ Հայաստանի լսարանի զգալի մասը: Հիշեցի՞ք: Հիշեցնեմ` Սորոսին, Եվրոպային և Բայդենի ԱՄՆ-ին:
Անկեղծ` անհասկանալի է, թե ովքեր են Ալիև Իլհամի հիշատակված հայկական «ֆաշիստները»: Եթե վերջինս, «ֆաշիստներ» ասելով, նկատի ունի ՀՀ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, ապա դա առավել քան անհասկանալի է, քանզի ՀՀ նախկին իշխանությունների ներկայացուցիչները ևս դեմ են Սորոսին, Եվրոպային և ԱՄՆ-ին:
Իսկ Փաշինյան Նիկո՞լը: Կարծում եմ վերջինս կփորձի տեղավորվել Ալիև Իլհամի «Մենք» դաշինքում, որպես Հայաստանում «Մենք»-ի արտակարգ և լիազոր ներկայացուցիչ:
Կարեն Հեքիմյան
0Comments