Ալիևը առճակատման է գնում Մոսկվայի հետ. սա կարող է վատ հետևանքներ ունենալ անձամբ իր ու իր ընտանիքի համար. միջազգայնագետ

Մանրամասներ
ալիև պուտին

Ալիեւի վերջին շրջանի վարքը անկասկած ունի քաղաքական ենթատեքստ, ակնհայտ է որ այս ամենը քաղաքական լուրջ պրովոկացիա է և այս ամենի հետևում արդեն որոշ հատուկ ծառայությունների, որոշ պետությունների ականջները երևում են, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասը ապակայունացնելու մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում Ադրբեջանը պնդում է, որ Ռուսաստան ոչ միայն պետք է փոխհատուցի և ներողություն խնդրի օդանավի կործանման համար, այլև պետք է մեղավորներին պատժի։

«Հայ-ադրբեջանական պատերազմ դեռ չկարողացան հրահրել, կապված Ռուսաստանի և Իրանի բավականին հավասարակշռված քաղաքականության հետ, հիմա փորձ է արվում այլ ճակատում անհարմարություն ստեղծել Ռուսաստանի համար և հարվածել այնտեղից, որտեղից միգուցե չէին սպասում: Սա եւս մեկ անգամ գալիս է փաստելու իմ ամիսներ առաջ արած այն հայտարարությունը, որ Իլհամ Ալիևը ստիպված է լինելու վարձահատույց լինել իր տերերին 44-օրյա պատերազմում իր արած վայրագությունների, ահաբեկիչներին տարածաշրջան բերելու դիմաց աչք փակելու հետ կապված։ Հիմա տերերը ասում են՝ ժամն է արդեն վարձահատուց լինելու:

Տեսեք, անգամ սև արկղերի ձայնագրությունները դեռ ուսումնասիրված չեն, մեղավորների հարց դեռ չկա, բայց արդեն Ալիևը մեղավոր է նշանակում»,-ասաց նա:

Միջազգայնագետը նկատեց, որ ռուսական կողմը ներողություն խնդրեց ոչ թե վթարի մեղավորությունն ընդունելով, այլ ներողություն խնդրեց, որ իր օդային տարածքում է տեղի ունեցել այդ միջադեպը. «Իհարկե, այստեղ կա նաև Մոսկվայի մեղքը այն առումով, որ եթե ժամանակին շատ խիստ պատժվեր Նախիջևան-Հայաստան սահմանին ռուսական ուղղաթիռի խոցվելը, Արցախում ռուս խաղաղապահների գնդակոծումը, սպանությունները և այլն, հիմա Ալիևը այսքան չէր լկտիանա։ Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք։

Ակնհայտ է, որ Ալիևը փորձում է տանել իրավիճակը լարելու, բայց սա կարող է շատ վատ  հետևանքներ ունենալ անձամբ Ալիևի, իր ընտանիքի անդամների և իր մերձակա շրջապատի համար, որովհետև Ալիևի մերձակա շրջապատի մեծ մասի գումարները այսօր պտտվում են Մոսկվայում, և այն ֆինանսական լուրջ ռեսուրսները, որ ունի Ալիևը, մոսկովյան իր խնամիների, տարբեր օլիգարխների միջոցով, կարող է ուղղակի մի քանի վայրկյանում հոդս ցնդել: Ալիևը սա շատ լավ հասկանում է: Բայց ես կարծում եմ՝ նրա անընդհատ ավելի լկտիացող հռետորաբանությունը վկայում է այն մասին, որ Ալիևին նահանջի տեղ չեն թողել, չեն թողել հենց իր տերերը, որովհետև Ալիևը պարտք ունի տալու»,- հայտարարեց Բալասանյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ալիևը սրանով ինչ-որ բան է փորձում Ռուսաստանից պոկել, միջազգայնագետը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այստեղ Ալիևը կկարողանա Ռուսաստանից ինչ-որ բան պոկել: Եթե Սյունիքում կանգնած լինեին ռուս սահմանապահները և այս իրադարձություն լիներ, մենք կմտածեինք, որ ռուսները ցանկանում են մաքրել Սյունիքը, և դրա համար Ալիևը փորձում է տաք պահել այս թեման։ Հիմա ռուսները Սյունիքում չկան։ Զանգեզուրի միջանցքի հետ կապված Ալիևը ինքն է հայտարարել, որ Զանգեզուրի միջանցքը դուրս է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգից։ Դրան գումարած Ալիևը այնքան միամիտ չէ, որ չհասկանա, որ Զանգեզուրի միջանցքը միայն Ռուսաստանով չի որոշվում:

Այսինքն այստեղ անգամ Ռուսաստանի լռությունը ապահովելու պարագայում այդտեղ Իրանի խնդիր կա։ Այսինքն, այս պահին Ալիևի շահագրգռվածությունը տակ պահել թեման, փորձելով Հարավային Կովկասում ինչ-որ զիջումների հասնել Ռուսաստանից, ես կարծում եմ՝ սխալ ժամանակի են տրված:

Ալիևին պետք չէր այս իրավիճակում Ռուսաստանի հետ գնալ բաց առճակատման, բայց Ալիևը գնում է, նշանակում է կամ նրան այլ տարբերակ չեն թողել, կամ Ալիևը փորձում է այս իրավիճակում ինչ-որ բան պոկել, բայց Սյունիքի հատվածում չէ, ինչ-որ բան պոկել այլ հատվածներում, այլ իրադարձությունների հետ կապված, միգուցե Իրանի հետ կապված Ռուսաստանի չեզոքությունը ապահովելու տեսանկյունից:

Իրանի շուրջ բավականին լուրջ գործընթացներ են այսօր գնում, և խոսքը նաև Իրանի տարածքին հարվածելու համար Ադրբեջանի տարածքն օգտագործելու մասին է: Թե ինչու է Ալիևը ամեն դեպքում փորձում այս ամենը անընդհատ սրել-սրել, մենք կարող ենք բազմաթիվ վարկածներ առաջ քաշել, բայց այն, որ սա չի բխում հենց Ալիևի շահերից, սա ակնհայտ է»:

Բալասանյանը հավելեց, որ կարճ ժամանակահատվածում մենք կհասկանանք, թե ովքեր են իրական հասցեատերերը և ինչ իրավիճակում կհայտնվի Ալիևը, եթե չդադարեցնի իր այս անհասկանալի հռետորաբանությունը: