Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը վստահ է՝ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» անվանափոխելու` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից առաջարկվող նախագիծը չի հաջողելու։
Նշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնում է, որ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայոց պատմության» 2-րդ հատորի 1-ի գլուխն է կարդացել ու կիսվում է գրքի վերաբերյալ իր կարծիքով։ Նա նշում է, որ շնորհակալ է գրքի ստեղծողներին, որոնք ակադեմիական աշխատանք են կատարել, բայց պնդում է` «Հայոց պատմություն» գիրքը Հայաստանի դիտանկյունից չի ստեղծվել։ Նա վստահ է, որ պատմությունից քաղած դասը պետք է լինի իրական Հայաստանի գաղափարախոսությունը, դպրոցներում էլ առարկան պետք է կոչվի ոչ թե «Հայոց պատմություն», այլ «Հայաստանի պատմություն»։
«7-րդ դասարանի «Հայոց պատմություն» նոր դասագիրքն ու «Հայոց պատմություն» ակադեմիական հատորներն այն գրքերն են, որոնք ես անձամբ էլ մասնագիտորեն քննադատել եմ։ Նիկոլ Փաշինյանն իր կիսալրագրողական ուսումով կարդացել է Հայաստանի հին շրջանի պատմությունը և կարծիք է հայտնում։ Այստեղ կինոն վերջանում է, այլևս մեկնաբանելու բան էլ չկա։ Ինչ վերաբերում է «Հայաստանի պատմություն», ոչ թե «Հայոց պատմություն» թեզին` կասեմ, որ այն տխմար բովանդակություն ունի, ու այդ մասին մտածելը նույնիսկ ամոթալի է»,- նշեց Դեմոյանը։
Նա նաև «պարզունակ» և «սուտլիկ ինտելեկտուալներ» անվանեց Նիկոլ Փաշինյանի PR-ով զբաղվող անձանց, քանի որ իր կարծիքով վերջիններս են «իրական Հայաստան» կամ նմանատիպ այլ գաղափարներով սնում Փաշինյանին։
Ընդգծեց՝ վարչապետն էլ չի հասկանում, թե ինչպես պետք է իրեն շրջապատող այդ անձանց ասածները վերարտադրի։
«Երկրի ղեկավարին վերածում են պարզունակ հակագործիքի, ինչը շատ վատ է։ PR անող անձինք պետք է ազատեն Նիկոլ Փաշինյանին «կապանքներից», քանի որ դա վտանգավոր է երկրի անվտանգության համար։ Ինքը պարզ ֆեյսբուքյան գրառումներով ցանկանում է ինքնահաստատվել։ Վստահեցնում եմ՝ և՛ Փաշինյանին, և՛ իրեն շրջապատող «ինտելեկտուալներին» չի հաջողվելու «Հայոց պատմությունը» դարձնել «Հայաստանի պատմություն»։ Նա սովորական «բազարային» դեղին մամուլի խմբագիր է. ո՛չ տեսաբան է, ո՛չ փիլիսոփա, ո՛չ էլ հսկա քաղաքական պաշարով գործիչ, որ ուզում է առարկայի անունն ու բովանդակությունը փոխել»,- ասաց պատմաբանը։
Դեմոյանը վստահ է՝ շռնդալից կերպով տապալվելու է այս նախաձեռնությունը, ու բոլոր մասնագետները, հայ ժողովուրդը ծիծաղելու են դրա հեղինակների վրա։
Նշենք, որ առարկայի անվանումը փոխելու ծրագրերի մասին հայտնի դարձավ դեռ այս տարեսկզբին։ Իշխանությունների այս նախաձեռնությունը բուռն դժգոհություն առաջացրեց հասարակության շրջանում։ Իսկ e–draft.am կայքում քվեարկած քաղաքացիների մեծ մասը դեմ է հանդես եկել այս փոփոխություններին։
ՀՀ կառավարությունը 2024–ի հուլիսի 11-ի նիստում հաստատեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու` տևական ժամանակ քննարկվող որոշումը։
0Comments