Ադրբեջանը կեղծ դատավարությամբ, Հայաստանի դեմ նոր սադրանքներ հրահրելով, 2 հիմնական խնդիր է լուծում: Այս մասին ԱԺ-ում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ինչպես և կանխատեսվում էր, Ադրբեջանը Բաքվի բանտերում գտնվող մեր 23 հայրենակիցների, այսպես կոչված, դատավարությունը վերածել է ոչ միայն քարոզչական արշավի, այլ ինչպես իրենք են տարբեր իշխանական լրատվամիջոցների ու խոսնակների շուրթերով ազդարարում՝ Հայաստանի դեմ պատերազմ նախաձեռնելու լեգիտիմ հիմքերի ձևավորմանը: Մինչ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ ու իշխանական գործիչներ շրջանցում կամ անլրջացնում էին ադրբեջանական ագրեսիայի տարբեր դրսևորումները, Ադրբեջանը մեր երկրի դեմ հետևողականորեն նորանոր սպառնալիքներ է ստեղծում: Իրադրությունն այնպիսի ծայրահեղ վտանգավորություն է պարունակում, որ իշխող ուժի ղեկավարը ստիպված եղավ հոդվածով հանրությանը խոստովանել, որ չնայած իրենք շարունակում են պնդել խաղաղության օրակարգին իրեն հավատարմության և անվերջ պատրաստակամության մասին, Ադրբեջանը, կարծես, առանձնապես չի շտապում երկկողմ խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելուն:
Ժամանակին, երբ զգուշացնում էինք, որ միայն արտաքուստ է թեման Արցախին ու գերեվարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ու նրանց ընտանիքների վերաբերվում, իսկ իրականում սա պատերազմի ձև է, որն Ադրբեջանն ուղիղ վարում է Հայաստանի դեմ, իշխանության դաշտում ինչ պատմություններ, արտահոսքեր, ներհայկական բախումներ ասես չհրահրեցին, փորձեցին թաղել այն ամենը, ինչը կապված էր Արցախի ու արցախցիների պաշտպանության հետ: Հիմա իրադրությունը սկսել է շատ դեպքերում ծայրահեղ դրսևորումներ ունենալ, իսկ իշխանության շարած ականները՝ կիրառվող քաղաքական բառամթերքի և դիրքորոշման առումով, Հայաստան պետության դեմ են աշխատում: Ինչևէ, եկեք հասկանանք, թե ինչ պրոցես են եփում Ադրբեջանում և ինչ խնդիրներ են դրանք Հայաստանի համար պարունակում: Ադրբեջանը Հայաստանին օկուպանտի, ագրեսորի և ֆաշիստի պիտակ կարելով, միաժամանակ Բաքվի կեղծ դատավարությամբ Հայաստանի դեմ նոր սադրանքներ հրահրելով 2 հիմնական խնդիր է լուծում:
Առաջին, փորձում է կեղծ պնդումներով և չակերտավոր հիմնավորումներով Հայաստանին նոր զիջումներ պարտադրել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում իր պահանջները կիրականացնի ուժի կիրառման միջոցով: Եվ երկրորդ, Ադրբեջանը քաղաքական որոշում ունի՝ անհրաժեշտ ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական բարենպաստ դաշտի ձևավորման կամ հիմնական դերակատարների լոյալության, ոչ կոշտ դիմադրության պայմաններում, գնալ պատերազմական ճանապարհով: Հետապնդվողի, գցվածի, կռացածի, պարտվողի, հանձնողի, հարմարվողականի կարգավիճակում հայտնված հայաստանյան իշխանությունը որոշ դեպքերում չի տիրապետում իրադրությանը, իսկ որոշ դեպքերում էլ՝ պարզապես համակերպվել է զոհի իր դերին և սպասում է իր դատավճռին՝ հարվածի կամ ապտակի տեսքով»,-ասել է նա:
0Comments