Եթե զգում եք, որ չեք կարող պատգամավորին հարիր հարցեր տալ, վերադարձեք ձեր հին փեշակին. Լենա Նազարյան. VIDEO

Մանրամասներ

Հունիսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով եւ առաջարկով դիմեց քաղաքական եւ  հանրային գործընթացի բոլոր մասնակիցներին բանակցել պետության հետ գողացածն ինքնակամ վերադարձնելու մասին. կարծում եմ՝ ձեր քաղաքական թիմին շատ վերաբերելի առաջարկ է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին:

«Կուզեի լսել պատասխան, թե ինչու չեք ուզում ընդունել այս շատ կառուցողական առաջարկը»,-ասաց նա:

Լենա Նազարյանն անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հայտարարությանը, ով դիմելով իշխող ուժի պատգամավորներին, ասել էր. «Դուք ձեր SV-ները կարդացե՞լ եք, հիշեք փողոցից եք եկել ԱԺ»:

«Ես 2010-ից բարձրաձայնել եմ քաղբանտարկյալների, զոհված զինծառայողների կյանքի, ընտրական իրավունքների պաշտպանության խնդիրների մասին: 10 տարի քաղբանտարկյալների ազատություն, բանակում կյանքի իրավունք, ազատ ընտրական իրավունք ունենալու պահանջներով շապիկներ եմ կրել, ոչ էթե մեկ օր ԱԺ-ում ժամը 10-11.30-ին, այլ տարիներ շարունակ: Ու ոչ ոք մեզ դրա համար չի վճարել, տիկին Մանուկյան (նկատի ունի «Հայաստան» խմբակցությունից Արեգնազ Մանուկյանին-խմբ): Եթե զգում եք, որ չեք կարող պատգամավորին հարիր հարցեր տալ, վերադարձեք ձեր հին փեշակին եւ շարունակեք վճարվել դեղին մամուլի ոճի հարցեր տալու համար»,-ասաց նա: