Խնդիրներ կան, բայց ո՞րն է այլընտրանքը․ Քաղաքագետը՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցի մասին

Մանրամասներ
բաղրամյան 26 նախագահական հապկ

Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի, թեև այն միշտ չէ, որ աշխատում է, լրագրողներին ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը «Հայաստանի մասնակցությունը ինտեգրացիոն գործընթացներին» պանելային քննարկման ժամանակ։

Խաչիկյանի խոսքով` Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին չի կարելի հրաժարվել ՀԱՊԿ-ից, նույնիսկ եթե կազմակերպությունը միշտ չէ, որ աշխատում է:

«Այո, ՀԱՊԿ-ին հարցեր կան, բայց ի՞նչ կստանանք դրա դիմաց, և ո՞վ կզբաղեցնի այդ տեղը»,-ասել է Խաչիկյանը:

Քաղաքագիտության դոկտորը հարց է բարձրացնում՝ Հայաստանն այլընտրանքներ ունի՞ արդյոք, կամ իշխանություններն ինչ-որ ջանքեր գործադրո՞ւմ են, որպեսզի, եթե մի բան պատահի, իրենք դիմակայեն թուրքական և ադրբեջանական բանակներին։

«Ես նման բան չեմ տեսնում։ Դա է խնդիրը: Եթե մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, պետք է հաշվարկել, թե ուր ենք գնալու և ինչ ենք անելու»,-նշեց Խաչիկյանը։

Խոսելով հնարավոր արտադաշինքային կարգավիճակի մասին` նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այդ սխեման չի աշխատում, երբ հարևանները բացահայտ սպառնում են քեզ` ասելով, որ վաղը մտադիր են լուծել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, իսկ ձեր տարածքում պետք է լինի «Արևմտյան Ադրբեջանը»։

Խաչիկյանի խոսքով` պետք չէ հույսը դնել նաև միջազգային իրավունքի կամ միջազգային հանրության վրա, որը նույնպես չի աշխատում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ գնալով դժվար, եթե չասենք` անհնար է դառնում: Նրա խոսքով` Երևանն արդեն իրեն ՀԱՊԿ-ից դուրս է համարում, ուստի չի մասնակցում կազմակերպության շրջանակներում որոշումների և փաստաթղթերի ընդունմանը:

Մոսկվայում և բուն ՀԱՊԿ-ում բազմիցս հայտարարել են, որ կազմակերպության դռները բաց են մնում Հայաստանի համար, և կառույցում առաջվա պես Երևանին համարում են իրենց դաշնակիցը: