Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել Կուրսկի ատոմակայանին

Մանրամասներ
կուրսկ

Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել Կուրսկի ատոմակայանին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակին նվիրված խորհրդակցության ժամանակ։

«Այսօր գիշերը հակառակորդը փորձել է խոցել ատոմակայանը»,- ասել է նախագահը։Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը արդեն տեղեկացված է կատարվածի մասին, և այն խոստացել է ուղարկել իր ներկայացուցիչներին իրավիճակը գնահատելու համար, հավելել է պետության ղեկավարը։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին իր հերթին ասել է, որ Կուրսկի ատոմակայան այցելելուց հետո մտադիր է մեկնել Ուկրաինա և հույս ունի զրուցել Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել էր, որ Գրոսիի այցը Կուրսկի ԱԷԿ նախատեսված է հաջորդ շաբաթ։ Ինչպես հստակեցրել է Վիեննայում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչը, ամենայն հավանականությամբ, ճամփորդությունը տեղի կունենա գալիք շաբաթվա սկզբին։

Անցած շաբաթ Գրոսին և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հեռախոսով քննարկել են Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայաններում ստեղծված իրավիճակը։ Լիխաչովն ընդգծել է, որ այդ ատոմակայանների շուրջ իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Նա նաև հրավիրել է Գրոսիին մոտ ապագայում այցելել Կուրսկի ատոմակայան և Կուրչատով քաղաք ու անձամբ գնահատել կայանի շուրջ ստեղծված իրավիճակը։