Հուլիսի 20-ին ժամը 00:00-ից Ուկրաինայի նավահանգիստներ մեկնող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռներ փոխադրողներ. ՌԴ ՊՆ

Մանրամասներ

Հացահատիկի գործարքի դադարեցման հետ կապված՝ Սև ծովում մարդասիրական միջանցքը կրճատվում է, հուլիսի 20-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից ուկրաինական նավահանգիստներ մեկնող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

 «Սևծովյան նախաձեռնության դադարեցման ու ծովային հումանիտար միջանցքի կրճատման հետ կապված՝ 2023 թվականի հուլիսի 20-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Սև ծովի ջրերում ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռներ պոտենցիալ փոխադրողներ»,- ասված է հաղորդագրությունում։

ՌԴ պաշտպանական գերատեսչությունն ընդգծել է, որ համապատասխանաբար, նման նավերի դրոշով երկրները «կհամարվեն ներգրավված ուկրաինական հակամարտությունում՝ Կիևի ռեժիմի կողմից»։

«Սև ծովի միջազգային ջրերի հյուսիս-արևմտյան ու հարավ-արևելյան մի շարք ծովային տարածքներ հայտարարվել են ժամանակավորապես վտանգավոր նավարկության համար: Սահմանված կարգով տրվել են համապատասխան տեղեկատվական նախազգուշացումներ ծովագնացների անվտանգության երաշխիքների չեղարկման մասին»,- հայտնել է ռուսական կողմը։