Հուսիներն Ադենի ծոցում հարձակվել են ամերիկյան էսկադրային ականակիրի և 2 առևտրային նավի վրա

Մանրամասներ
3

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հուսիներ) հայտարարել է, որ Ադենի ծոցում հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի երկու առևտրային նավի և ամերիկյան էսկադրային ականակիրին: Հուսիների գործողություններն իրենց նպատակներին հասել են, հայտնել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։

«Եմենի ռազմածովային ուժերը գործողություն են իրականացրել՝ մի քանի հականավային հրթիռներ արձակելով Ադենի ծոցում գտնվող ամերիկյան Maersk Yorktown նավի ուղղությամբ», - ասել է Յահյա Սարիան, որին մեջբերում է Tasnim News-ը: Իսրայելական MSC Veracruz նավը, ինչպես նաև ամերիկյան էսկադրային ականակիրը ենթարկվել են «մեծ թվով անօդաչուների» հարձակման։

2023 թվականի նոյեմբերին Եմենի զինված ուժերը, որոնք վերահսկվում են հուսիների խմբավորման կողմից, հայտարարել են, որ մտադիր են հարձակվել Կարմիր ծովում գտնվող իսրայելական ցանկացած նավի վրա։

Հուսիներն իրենց գործողությունները բացատրել են Իսրայելի հետ պատերազմում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելով։ Հաճախ հարձակումներ են տեղի ունենում Ադենի ծոցում և Կարմիր ծովի Բաբ էլ-Մանդեբ նեղուցում: