Առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր կիրառվող 14 հազար դրամ տուրքը նվազեցնել և սահմանել 9 հազար դրամ, իսկ կլինկերի համար կիրառվող 2 հազար դրամ տուրքն ընդհանրապես հանել:
Օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ԱԺ նիստում նշեց, որ օրենքի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ:
«Վիճակագրությունը և վերջին 3 տարիների դինամիկան ցույց են տալիս, որ 14 հազար դրամ տուրքը ժամանակին ճիշտ էր ընտրվել, որովհետև որքան էլ մեզ քննադատում էին, որ դրա հետևանքով տեղական ցեմենտ արտադրողները վնասներ կկրեն և կսնանկանան, իրականում տեղի ունեցավ հակառակը՝ հայկական շուկայում ցեմենտի արտադրության ծավալները շեշտակի աճեցին: Միայն այս տարվա 7 ամիսներին արտադրվել է ավելի քան 520 հազար տոննա ցեմենտ: Դա ավելին է, քան սրանից 5-6 տարի առաջ տարեկան կտրվածքով արտադրվածը: Այս ամբողջ արտադրության ծավալի մեջ տեղական արտադրողների կշիռը էական մեծացել է:
Խնդիրն այստեղ հետևյալն է, որ երբ մենք այդ ժամանակ առկա տվյալների հիման վրա որոշեցինք, որ տուրքի չափը պետք է սահմանենք 14 հազար դրամ, նպատակը ոչ թե տեղական արտադրողների համար արհեստական գերշահույթներ ապահովելն էր, այլ այնպես անելը, որ շուկան հավասարակշռվեր: Այսօր ունենք մի իրավիճակ, երբ ելակետային պայմանները փոխվել են, իրանական ցեմենտի գինը սահմանին էապես թանկացել է, տրանսպորտային ծախսերն էապես թանկացել են, և եթե մենք սրա վրա թողնում ենք 14 հազար դրամ տուրքը, ներմուծումն արհեստականորեն արգելափակվում է, շուկայում տեղի են ունենում գերկենտրոնացում, ցեմենտի դեֆիցիտ, գների աճ: Վերջին շրջանում կառուցապատողներն այս թեմայով շատ են արտահայտում իրենց դժգոհությունները»,- ասաց Թունյանը:
Թունյանի խոսքով՝ քայլեր չձեռնարկելու դեպքում արհեստականորեն թանկացվում է շինարարությունը, իսկ բնակարան ունենալու խնդիրն ավելի է ծանրանում մարդկանց համար:
0Comments