ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։ Փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ պատգամավորների մեծամասնությունը (67 կողմ՝ Տարոն Մարգարյանին, 65 կողմ, 2 դեմ՝ Հովիկ Աղազարյանին) տվեց իր համաձայնությունը ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողով էր եկել մարտի 26-ին` ու միջնորդագիր ներկայացրել նախկին ՔՊ–ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Քրգործի առաջին դրվագում նշվում է, որ Հովիկ Աղազարյանը կեղծ փաստաթղթերով և կաշառքի դիմաց մի քաղաքացու խոստացել է գյուղատնտեսական նշանակության կենդանիների արտահանում կազմակերպել, իսկ 2–րդ դրվագով, ըստ դատախազի, Աջափնյակում գտնվող թիվ 136 հիմական դպրոցի` վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու և փոխարենը հողատարածքի մի մասի վրա բազմաբնակարան շենք կառուցելու համար ոմն Արամ Մկրտչյանից պահանջել է 23 հազար դոլար և 300 հազար դրամ կաշառք։
Հովիկ Աղազարյանի «մեղքերի» մասին իրավապահները հիշեցին, երբ Հովիկ Աղազարյանը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի պահանջով վայր դնել պատգամավորական մանդատը։
Մարտի 27-ին էլ Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։ Երևանի նախկին քաղաքապետը մեղադրվում է երկու դպրոցի և մեկ մանկապարտեզի տարածքները ապօրինաբար օտարելու, պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ։
Նշենք, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները բոյկոտել են ու չեն մասնակցել ԱԺ-ի այսօրվա նիստին։
0Comments