ԱԺ-ն դատախազությանը «հանձնեց» Հովիկ Աղազարյանին ու Տարոն Մարգարյանին

Մանրամասներ
տարոն մարգարյան հովիկ աղազարյան

ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։ Փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ պատգամավորների մեծամասնությունը (67 կողմ՝ Տարոն Մարգարյանին, 65 կողմ, 2 դեմ՝ Հովիկ Աղազարյանին) տվեց իր համաձայնությունը ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողով էր եկել մարտի 26-ին` ու միջնորդագիր ներկայացրել նախկին ՔՊ–ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

Քրգործի առաջին դրվագում նշվում է, որ Հովիկ Աղազարյանը կեղծ փաստաթղթերով և կաշառքի դիմաց մի քաղաքացու խոստացել է գյուղատնտեսական նշանակության կենդանիների արտահանում կազմակերպել, իսկ 2–րդ դրվագով, ըստ դատախազի, Աջափնյակում գտնվող թիվ 136 հիմական դպրոցի` վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու և փոխարենը հողատարածքի մի մասի վրա բազմաբնակարան շենք կառուցելու համար ոմն Արամ Մկրտչյանից պահանջել է 23 հազար դոլար և 300 հազար դրամ կաշառք։

Հովիկ Աղազարյանի «մեղքերի» մասին իրավապահները հիշեցին, երբ Հովիկ Աղազարյանը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի պահանջով վայր դնել պատգամավորական մանդատը։

Մարտի 27-ին էլ Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։ Երևանի նախկին քաղաքապետը մեղադրվում է երկու դպրոցի և մեկ մանկապարտեզի տարածքները ապօրինաբար օտարելու, պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ։

Նշենք, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները բոյկոտել են ու չեն մասնակցել ԱԺ-ի այսօրվա նիստին։