Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երեխայի և հղի կնոջ դի. ԱԻ նախարար

Մանրամասներ

Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հ.Գ. ցավակցում ենք զոհերի հարազատներին...

Հ.Գ.2 հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով կա 15 զոհ։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաև մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 12 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։