Իրանը միակ երկիրն է, որը զսպում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ախորժակը Հայաստանի նկատմամբ, բայց նա չի կարողանա կատարել այդ դերը, եթե ենթարկվի գրոհի ԱՄՆ նախագահի պաշտոնին Դոնալդ Թրամփի վերադարձից հետո։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
Նրա գնահատմամբ՝ նման իրավիճակը Հայաստանի թշնամիների համար հնարավորություն կստեղծի ճնշում գործադրել եւ նույնիսկ ռազմական ճանապարհով փորձել բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Խաչիկյանը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի նախագահը չի հրաժարվի իր ագրեսիվ քաղաքականությունից՝ չնայած բոլոր զիջումներին։
«Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները շարունակում են զիջել եւ մեզ տանել դեպի անդունդ։ Թուրքական եւ ադրբեջանական լոբբին այս ֆոնին ակտիվորեն աշխատում է Թրամփի նոր վարչակազմի հետ, Հայաստանը չունի պրոֆեսիոնալ կադրեր, որոնք կկարողանային նման աշխատանք կատարել։
Բացի այդ, սփյուռքի ներկայացուցիչներն ասում են, որ Հայաստանը Թրամփի համար ռազմական-ռազմավարական նշանակություն չունի։ ԱՄՆ առաջին դաշնակիցը Իսրայելն է, որը դաշինքի մեջ է Ադրբեջանի հետ, իսկ երկրորդը՝ Թուրքիան, որին կհանձնի քրդերին»,- ավելեացրել է փորձագետը։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի հետ վերջերս ստորագրված փաստաթուղթը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում ԱՄՆ-ին ոչ մի պարտավորություն չի վերապահում. Խաչիկյանը սա անվանել է Սեւրի նոր պայմանագիր, որի պատճառով Հայաստանը կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ եւ տարածաշրջանում արդեն չորս թշնամի ձեռք կբերի։
Քաղաքագետը հնարավոր է համարել, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը կարող է հանգեցնել երկրում էներգակիրների սակագների կտրուկ բարձրացման, կարող են կորել նաեւ արտահանման զգալի շուկաներ եւ տրանսֆերտներ։ Նա չի բացառել, որ Հայաստանում սով կարող է սկսվել, եւ, ըստ նրա, Ռուսաստանը զգուշացրել է այդ հետեւանքների մասին։
0Comments