Աստված մոտ է սրտով կոտրվածներին և ոգով փշրվածներին. Նա լսում է մեր օգնության կանչը, եթե անգամ բառեր չենք գտնում արտահայտվելու

«Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից, ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան»: (Հովհ. 14:21)

ա

Կյանքի դժվարություններն ու հոգսերը հաճախ ստիպում են մարդուն սխալներ թույլ տալ: Այս ճանապարհին հայտնված մարդկանց՝ Աստված տալիս է առաջնորդություն, որ կարողանան հաղթահարել իրենց խնդիրները և խելամիտ որոշումներ կայացնելով, նորից կանգնեն ճշմարիտ ուղու վրա: Շատ որոշումներ առնչվում են փոքր հարցերի, բայց կան որոշումներ, որոնք ազդում են մեր ամբողջ կյանքի վրա։ Ոչ մի մարդ չի կարող տալ այնպիսի իմաստուն ու գործնական խորհուրդներ, ինչպիսիք մեր Արարիչն է տալիս, քանի որ նա գիտի ամեն բան, Նա գիտի մեր անցյալը, ներկան և ապագան։ Բացի այդ, Նա է մարդկանց կյանք պարգևել, ուստի գիտի՝ ինչն է մեզ համար լավագույնը։ Ուստի, ամեն բանից առավել մեր հույսը միայն Տիրոջ վրա պետք է դնենք, ու հավատանք, որ Նա կանի ամեն բան, որը բարին կլինի մեզ համար: Հաճախ, շատերիս թվում է՝ Տերը չի արձագանքում մեր խնդրանքներին ու անտեսում է մեզ: Իրականում Տերը միշտ էլ մեր կողքին է, պարզապես մենք այնքան ենք հեռացել հավատքից ու իրենից, որ չենք զգում նրա ներկայությունը մեր կյանքում:

Ճշմարիտ քրիստոնյայի կյանքում հավատքի խարիսխն Աստծո խոստումներն են և ոչ թե մարդու զգացմունքները: Քրիստոնյան պետք է ապրի Աստծուն և նրա խոսքին ապավինած: Աստված «մխիթարում է» մեզ ոչ թե բոլոր խնդիրները հեռացնելով, այլև պատասխանելով մեր աղոթքներին, երբ ուժ ենք խնդրում պայքարելու համար:

Մենք կարող ենք վստահ լինել, որ նա պատրաստ է լսելու մեզ, քանի որ Աստված մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին: Իրականում, նա կարող է լսել մեր օգնության կանչը, եթե անգամ բառեր չենք գտնում արտահայտվելու:

Աստվածաշնչում ասվում է. «Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից, ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան»: (Հովհ. 14:21)

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվականբաժին

qahana.am