Երբ հայ ժողովուրդը 11 ամիս առաջ հեղափոխություն էր անում, նա մերժում էր անցյալի չարիքն ու տառապանքը, և ոտքի էր կանգնել իր և իր զավակների երջանիկ ապագայի համար։ Հայ ժողովուրդը նույնիսկ չէր ենթադրում, որ իր կռած հաղթանակի հետևից, գալու են արայիկ հարությունյանները և նազենի ղարիբյանները, և փորձելու են Հայաստանում քանդել իրենցից առաջ ստեղծված ամեն բան, տեղը ոչ մի լավ բան չառաջարկելով։ Այսօր այս գորշությունները ձեռք են բարձրացնում մարդկանց վրա, որոնք իրենց կյանքով, վաստակով, հեղինակությամբ մեր երկրի պատիվն ու դեմքն են աշխարհում։ Ձեռք են բարձրացնում մարդկանց վրա, որոնց ստվերի տակ իրենք պետք է տառապեին կույր նախանձից, եթե մի անհավանական պատահականությամբ, հեղափոխությունը չհաներ իրենց կյանքի մանր պուճախներից, և չսարքեր նոր կյանքի տերեր, պարոն և տիկին նախարարներ և պատգամավորներ։
Կոնստանտին Օրբելյանի հետ տեղի ունեցողը, սրանից 10 ամիս առաջ Այբ դպրոցի վրա տեղի ունեցած անհեթեթ գրոհից հետո, հերթական հիշեցումն է, որ այս մարտնչող գորշություները չեն հանգստանա, մինչև իրենց շուրջ չավերեն ամեն լուսավոր բան, եթե, իհարկե, մենք իրենց թույլ տանք։
Իմ աջակցությունը հայտնելով Կոնստանտին Օրբելյանին, և Օպերայի և Բալետի թատրոնի արտիստներին, որոնք այսօր իրենց մաեստրոյի կողքին են, միաժամանակ կոչ եմ անում մեզնից յուրաքանչյուրին՝ տեր կանգնել մեր և մեր մերձավորների վաստակին և հեղինակությանը, և թույլ չտալ նորահայտ կոմերիտականներին անպատիժ ոչնչացնել այն, ինչ ստեղծվել է արարմամբ ու քրտինքով, և պատկանում է բոլորիս։
0Comments