Փաշինյանը դեմ չէ, որ Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ մտնեն Թուրքիա

Մանրամասներ
Էրդողան նիկոլ փաշինյան ալիև

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին, որը ներկայացնում ենք ստորև. 

Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս - Վարչապետ Միցոտակիսի հետ հանդիպման ընթացքում Դուք կարևորեցիք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ առևտրային հանգույցի ստեղծման համար, որը պետք է կապի Հայաստանը Միջերկրական ծովի և Հունաստանի հետ՝ անցնելով Թուրքիայի տարածքով: Ինչպե՞ս կարող է այս ծրագիրը նպաստել Կովկասից մինչև Միջերկրական ծով տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է, ինչի համատեքստում կարևորում եմ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով մի կողմից Սև ծովի, մյուս կողմից Պարսից և Օմանի ծոցերի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման և ինտերնետային մալուխների հզորությունների էական ավելացում: Նախագիծը ենթադրում է նաև այդ երկու վերջնակետերի միջև երկաթուղային հաղորդակցության ստեղծում, որը հնարավոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման պարագայում, որովհետև Վրաստանից Հայաստան մտնող երկաթուղու դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն տանող ամենաօպտիմալ երթուղին անցնում է ադրբեջանական Նախիջևանով և այդ երկաթուղին գոյություն է ունեցել խորհրդային տարիներին: Սա «Խաղաղության խաչմերուկի» հյուսիս-հարավ թևն է:

Կա նաև արևելք-արևմուտք թևը, որը կարող է Հայաստանի տարածքով միացնել Կասպից ծովը Միջերկրական ծովին, ինչպես նաև Սև ծովի թուրքական նավահանգիստներին: Սրա համար հարկավոր է, որ Ադրբեջանից Հայաստանով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ մտնեն Թուրքիա: Եվ մենք պատրաստ ենք նման լուծումների: Ընդ որում, այս ճանապարհը ենթակառուցվածքները կարող են օգտագործվել նաև Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան կապի համար և մենք պատրաստ ենք նաև սրան: Այս բոլոր ենթակառուցվածքների գործունեության համար «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ամրագրել ենք հանրահայտ սկզբունքներ: Այն է՝

- Բոլոր ենթակառուցվածքները պետք է լինեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:

- Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է անվտանգությունը:

- Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:

- Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: