«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հունվարի 20-22 իրականացված հարցման արդյունքները, որին մասնակցել է 1100 ՀՀ քաղաքացի։
Եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք․ այս հարցին պատասխանելիս հարցվածների միայն 11,3 տոկոսն է նշել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ըստ Նավասարդյանի՝ սա 2018 թվականից ի վեր անցկացվող հարցումների ընթացքում գրանցված ռեկորդային նվազագույն ցուցանիշն է։ Շեշտում է՝ հարցումներն անցկացվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարություններից առաջ, ուստի կարծում է՝ եթե այսօր լինեին հարցումները, այս ցուցանիշն ավելի ցածր կլիներ։
Վարկանշային ցուցակի երկրորդ տեղում «ԴՕԿ» կուսակցությունն է՝ 6,8 տոկոս ցուցանիշով, իսկ երրորդը՝ «Հայաստան» դաշինքին՝ 6,5 տոկոս։
Արդյոք ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր գործադրում են Բաքվում գտնվող հայ գերիներին, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը վերադարձնելու համար։ Հարցվածների միայն 5,6 տոկոսն է կարծում՝ այո, 11,9 տոկոսը՝ ավելի շուտ այո, գերակշիռ մեծամասնությունը կարծում է, որ իշխանությունները բավարար քայլեր չեն անում այս ուղղությամբ՝ ավելի շուտ ոչ պատասխանել է 17,9 տոկոսը, 39 տոկոսը՝ միանշանակ ոչ։
ՀՀ քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ այսօր Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ։ Հարցվածների 38,8 տոկոսը նշել է, որ կարծում է՝ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ, 19,7 տոկոսը՝ ավելի շուտ սխալ ուղղությամբ։ Միայն 9,5 տոկոսն է կարծում, որ Հայաստանն այսօր ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ 14,7 տոկոսը ավելի շուտ ճիշտ ուղղությամբ պատասխանն է ընտրել։
Հարցվածների մեծ մասը՝ գրեթե 40 տոկոսը, նշել է, որ Հայաստանի առջև ծառացած մեծագույն խնդիրն անվտանգության հետ է կապված։
Հարցերից մեկը վերաբերել է համընդհանուր հայտարարագրմանը։ Քաղաքացիների գերակշիռ մասը նշել է, որ չի պատրաստվում ներկայացնել հայտարարագիր, միայն 9,8 տոկոսն է ասել, որ լիովին տեղյակ է, թե ինչպես ներկայացնել հայտարարագիր, ճնշող մեծամասնությունը տեղյակ չէ։
0Comments