Իշխանությունները «հույս են վաճառում» իրենց կառավարումը երկարացնելու համար. Մամիջանյան

Մանրամասներ
հայկ մամիջանյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դժգոհ է Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և այլ դաշնակից կամ բարեկամ երկրների նկատմամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից։

Նա «Աբովյան Time»–ի եթերում հայտարարեց՝ չի հասկանում, թե ով պետք է պատասխան տա, երբ մի շարք երկրների հետ ՀՀ ղեկավարությունը պարբերաբար վատթարացնում է հարաբերությունները։

«Երբ խոսում ենք արտաքին քաղաքականության մասին, մի շարք հանգամանքների կարելի է ուշադրություն դարձնել։ Օրինակ, երբ իշխանությունները Հռոմի ստատուտի վավերացումը ներկայացնում էին այն սոուսով, որ հեսա գնում ենք Իլհամ Ալիևին դատենք։ Ու դա այն դեպքում, երբ մենք ասում էինք, որ Բաքուն դա չի վավերացրել, բազմաթիվ այլ ատյաններ կան դրա համար։ Կամ եթե դա այդքան լավ բան է՝ ինչու ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի անդամ երկրներ Չինաստանը, ԱՄՆ–ն և Ռուսաստանը չեն վավերացրել այն»,– ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Նրա խոսքով` երբ իշխանությունները Հռոմի ստատուտը վավերացնում էին, այդ ժամանակ էլ բանակցային սեղանին կար Ադրբեջանի պահանջը միջազգային ատյաններում հայցերը երկուստեք հետ կանչելու վերաբերյալ։

Անդրադառնալով ՀՀ–ի արտաքին քաղաքականությանն առնչվող մեկ այլ դրվագի, Մամիջանյանը նշեց, որ Ռուսաստանի հետ այսքան տարիների դիվանագիտական հարաբերությունների ընթացքում չի հիշում մի դեպք, երբ ռուսական կողմի ներկայացուցիչը ՀՀ–ն անվաներ բնական դաշնակից։

«Մեր բարեկամ Վրաստանին էլ այն ժամանակ բաժին հասավ, երբ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը COVID-ի դեմ պայքարի իր ապիկար մենեջմենթն արդարացնելու համար միջազգային սկանդալ առաջացրեց։ Հայկ Կոնջորյանը ԱԺ նիստում բարեկամ Իրանին անվանեց ավտորիտար երկիր։ Սովորաբար նման դեպքերից հետո այդ քաղաքական գործիչը պետք է ավարտի իր քաղաքական կարիերան կամ հայտնվի ընտրական ցուցակի վերջում, բայց ոչ իշխող ֆրակցիայի ղեկավար։ ԱՄՆ–ում էլ ունենք դեսպան (Լիլիթ Մակունցը), որը դիվանագիտության հետ կապ չունի, ընտրություններում (ԱՄՆ նախագահական-խմբ.) սատարում էր դեմոկրատներին, ինչպե՞ս է նա աշխատելու հանրապետական Թրամփի վարչակազմի հետ»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա կարծիքով` ԱՄՆ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը պետք է անպայման փոխվի։

Անդրադառնալով ԵՄ–ին անդամակցելու վերաբերյալ Հայաստանում մեկնարկած գործընթացին` Մամիջանյանը նշեց, որ այդ կառույցից ՀՀ–ին նույնիսկ չեն էլ հրավիրել, իսկ ՀՀ ռազմավարական գործընկերոջ արձագանքը բավականին ադեկվատ է. նորմալ է, որ չի ցանկանում, որպեսզի ԵԱՏՄ–ի հնարավորություններով սնվի և ուժեղանա այն երկրի տնտեսությունը, որը տարիներ անց կարող է դառնալ ԵՄ անդամ։

«Եվրոպական քաղաքական կուսակցությունների հետ ամենախորը կապեր ունեցող հայաստանյան կուսակցությունը ՀՀԿ–ն է, մենք ԵԺԿ անդամ ենք, մենք բազմիցս օգտագործել ենք մեր լծակները որոշ հարցեր լուծելու համար, եղել ենք այն քաղաքական ուժը, որ ստորագրել ենք CEPA-ն (ՀՀ–ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիր-խմբ.)»,– ասաց Մամիջանյանը։

Նա վստահ է` իշխանություններն այդ ամենն անում են «հույս վաճառելու», քաղաքացիներին խաբելու ու իրենց կառավարումը երկարացնելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը 2023 թ. հոկտեմբերի 3-ին վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը։

ՌԴ-ում այս որոշումը խիստ բացասաբար ընդունեցին, քանի որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալելու օրդեր է տվել։

Իսկ ԵՄ–ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի քննարկումը Ռուսաստանը դիտարկեց որպես ԵԱՏՄ-ից ՀՀ–ի դուրս գալու մեկնարկ՝ Երևանի որոշումը համեմատելով «Տիտանիկի» տոմս գնելու հետ: