Ես մնացածի պես տունտունիկ չեմ խաղում․ Ղուկասյանը՝ ՔՊ-ի, Մարտուն Գրիգորյանի և իր շանսերի մասին

Մանրամասներ
վարտան ղուկասյան

MediaHub-ը գրում է․ 

Գյումրիում արտահերթ ընտրություններին ընդառաջ կրքերը թեժանում են։ ՔՊ-ից բացի նախընտրական պայքար են դուրս գալիս նաև «հին գելերը», որոնք` այս պահին գոնե, «բռնել են ՔՊ-ի վախը»։ Թերևս դա է պատճառը, որ դեռևս պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած, ՔՊ-ի թեկնածուն սկսել է քաղաքացիների սիրտը տարբեր ձևերով շահել։ 

Ինչևէ, մեր տեղեկություններով, այս պահին ֆավորիտ թեկնածուներից մեկը, որի մասնակցությունն անհանգստացնում է ՔՊ-ին, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։ 

Վերջինս MediaHub-ի հետ զրույցում վստահ շեշտեց՝ այս պահին իրենց մասնակցությունը հաստատած ուժերի մեջ ինքը մրցակից չունեցող թեկնածու է։

-  Պարոն Ղուկասյան, արդեն հստակ որոշվա՞ծ է, Դուք մասնակցո՞ւմ եք Գյումրու արտահերթ ընտրություններին։

-  Այո, մասնակցում եմ։ «Կոմունիստական» կուսակցության հետ դաշինք ենք կազմելու և մասնակցելու ենք։ Բայց ես կուսակցական չեմ դառնալու։

-  Արդեն ունե՞ք ձևավորված թիմ, գիտե՞ք՝ ովքեր են լինելու նախընտրական ցուցակում, նախընտրական ծրագիր ունե՞ք։

-  Ես երբ քնում-արթնանում եմ, դա իմ հետ քայլում է։ Անընդհատ էլ Գյումրին զարգացնելու մասին եմ մտածում։ Ու հիմա էլ ժողովուրդն ինձ ստիպում է, որ մասնակցեմ ընտրություններին։

-  Ձեր շանսերն այս պահին ինչպե՞ս եք գնահատում։

-  Կապրենք, կտեսնենք։

-  Մեր տեղեկություններով՝ Մարտուն Գրիգորյանն էլ է մասնակցելու ընտրություններին, Դուք նրան ուժեղ մրացակից համարո՞ւմ եք։

-  Տեղեկություն չունեմ իր մասնակցության մասին։ 

-  Մամուլում շատ է գրվել, որ տարիների «թշնամանք» ունեք Գրիգորյանի հետ։

-  Չէի ասի, շատ լավ կանի, որ մասնակցի։ Կապրենք, կտեսնենք՝ ով ումից է ուժեղ։ Լավ կլիներ, որ «Բալասանյան» դաշինքն էլ մասնակցեր, ավելի հետաքրքիր կանցներ։ 

-  Բայց նույն «Բալասանյան» դաշինքը, հանգամանքների բերումով, անգլուխ թողեց Գյումրին։

-  Իրենցից էլ մեկը դներ, հետաքրքիր կլիներ։ Պարզ կլիներ՝ ով, ինչ, ոնց, խի։

-  Իսկ ՔՊ-ի թեկնածունի մասի՞ն ինչ կասեք, ինչպե՞ս եք վերաբերում նրան։

-  ՔՊ-ի թեկնածուի՞ն, «շատ ուժեղ»։ 

-  Այնքան ուժե՞ղ է, որ ընտրություններից հետո իր հետ կոալիցիայի գնաք։

-  ՔՊ-ի հե՞տ։ Ամոթ չէ՞, որ ինձ նման հարց եք տալիս։ Ես հո մնացածի պես տունտունիկ չեմ խաղում։ Միանշանակ, անգամ քննարկման առարկա չի կարող դառնալ այդ հարցը։

Նարե Գնունի