MediaHub-ը գրում է․
Գյումրիում արտահերթ ընտրություններին ընդառաջ կրքերը թեժանում են։ ՔՊ-ից բացի նախընտրական պայքար են դուրս գալիս նաև «հին գելերը», որոնք` այս պահին գոնե, «բռնել են ՔՊ-ի վախը»։ Թերևս դա է պատճառը, որ դեռևս պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած, ՔՊ-ի թեկնածուն սկսել է քաղաքացիների սիրտը տարբեր ձևերով շահել։
Ինչևէ, մեր տեղեկություններով, այս պահին ֆավորիտ թեկնածուներից մեկը, որի մասնակցությունն անհանգստացնում է ՔՊ-ին, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։
Վերջինս MediaHub-ի հետ զրույցում վստահ շեշտեց՝ այս պահին իրենց մասնակցությունը հաստատած ուժերի մեջ ինքը մրցակից չունեցող թեկնածու է։
- Պարոն Ղուկասյան, արդեն հստակ որոշվա՞ծ է, Դուք մասնակցո՞ւմ եք Գյումրու արտահերթ ընտրություններին։
- Այո, մասնակցում եմ։ «Կոմունիստական» կուսակցության հետ դաշինք ենք կազմելու և մասնակցելու ենք։ Բայց ես կուսակցական չեմ դառնալու։
- Արդեն ունե՞ք ձևավորված թիմ, գիտե՞ք՝ ովքեր են լինելու նախընտրական ցուցակում, նախընտրական ծրագիր ունե՞ք։
- Ես երբ քնում-արթնանում եմ, դա իմ հետ քայլում է։ Անընդհատ էլ Գյումրին զարգացնելու մասին եմ մտածում։ Ու հիմա էլ ժողովուրդն ինձ ստիպում է, որ մասնակցեմ ընտրություններին։
- Ձեր շանսերն այս պահին ինչպե՞ս եք գնահատում։
- Կապրենք, կտեսնենք։
- Մեր տեղեկություններով՝ Մարտուն Գրիգորյանն էլ է մասնակցելու ընտրություններին, Դուք նրան ուժեղ մրացակից համարո՞ւմ եք։
- Տեղեկություն չունեմ իր մասնակցության մասին։
- Մամուլում շատ է գրվել, որ տարիների «թշնամանք» ունեք Գրիգորյանի հետ։
- Չէի ասի, շատ լավ կանի, որ մասնակցի։ Կապրենք, կտեսնենք՝ ով ումից է ուժեղ։ Լավ կլիներ, որ «Բալասանյան» դաշինքն էլ մասնակցեր, ավելի հետաքրքիր կանցներ։
- Բայց նույն «Բալասանյան» դաշինքը, հանգամանքների բերումով, անգլուխ թողեց Գյումրին։
- Իրենցից էլ մեկը դներ, հետաքրքիր կլիներ։ Պարզ կլիներ՝ ով, ինչ, ոնց, խի։
- Իսկ ՔՊ-ի թեկնածունի մասի՞ն ինչ կասեք, ինչպե՞ս եք վերաբերում նրան։
- ՔՊ-ի թեկնածուի՞ն, «շատ ուժեղ»։
- Այնքան ուժե՞ղ է, որ ընտրություններից հետո իր հետ կոալիցիայի գնաք։
- ՔՊ-ի հե՞տ։ Ամոթ չէ՞, որ ինձ նման հարց եք տալիս։ Ես հո մնացածի պես տունտունիկ չեմ խաղում։ Միանշանակ, անգամ քննարկման առարկա չի կարող դառնալ այդ հարցը։
Նարե Գնունի
0Comments