Կոչ ենք անում վարչապետին պարզաբանել իր արտահայտությունները. Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհուրդ

Մանրամասներ
նիկոլ շվեյց

Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհուրդը  (CAAS)  տարածել է հայտարարություն՝ արձագանքելով  հունվարի 24-ին Ցյուրիխում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին.

«Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհուրդը (CAAS) իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ցյուրիխում շվեյցարահայ համայնքի տարբեր ոլորդներում ներգրավված անդամների հետ վերջին հանդիպման ժամանակ արված հայտարարությունների կապակցությամբ։ Այս հայտարարությունները, որոնք մենք համարում ենք վիճահարույց, վարկաբեկում են Հայոց ցեղասպանության հիշատակը և օրինաչափ հարցեր են առաջացնում մարդկության դեմ այս հանցագործության ամբողջական ըմբռնման և դրա միջազգային ճանաչման Հայաստանի կառավարության հանձնառության վերաբերյալ:

Ավելի քան կես դար Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն է եղել զոհերի ժառանգների և հանուն պատմական արդարության գործող կազմակերպությունների համար։ Որպես Շվեյցարիայի հայկական սփյուռք՝ մենք կարծում ենք, որ այս ճանաչման կարևորությունը թերագնահատելը կամ հարաբերականացումը հակասում են աշխարհասփյուռ հայ համայնքի ակնկալիքներին։

Հիշեցնում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հիմնված է անվիճելի պատմական փաստերի վրա, որոնք հաստատվել են հարյուրավոր հետազոտողների, ակադեմիական հաստատությունների և մի շարք պետությունների կողմից, այդ թվում՝ Շվեյցարիայի, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2003 թվականին իր Ազգային խորհրդի մակարտակով, բայց ամենակարևորը՝ հենց Հայաստանի Հանրապետության կողմից։ Ցեղասպանության Ճանաչմանն ուղղված այս պայքարը վեր է քաղաքական բաժանումներից և  համընդհանուր արդարություն է հետապնդում:

CAAS-ը կոչ է անում Հայաստանի կառավարությանը և նրա ներկայացուցիչներին կատարել իրենց պարտականությունները: Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական կամ դիվանագիտական նկատառումներով, և չպետք է թույլ տա հայ ազգի հակառակորդներին շահարկել նման  հայտարարությունները ժխտողական նպատակներով։ Մենք կոչ ենք անում վարչապետին պարզաբանել իր արտահայտությունները և միանշանակ վերահաստատել իր հավատարմությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։

Եթե Հայաստանի կառավարությունը շարունակի հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարից, CAAS-ի, ընդհանրապես Սփյուռքի և այս գործի բոլոր դաշնակիցների պարտականությունը կլինի անդադար շարունակել այս պատմական պայքարը: Զոհերի հիշատակը, նրանց ժառանգների պատիվը, արդարության ու ճշմարտության հիմնարար սկզբունքները պահանջում են, որ երբեք չդադարեցվի այդ պայքարը՝ անկախ քաղաքական հանգամանքներից կամ հանդիպած խոչընդոտներից։

Մենք նաև կոչ ենք անում հայկական սփյուռքին և հայ ժողովրդի բարեկամներին մնալ միասնական և զգոն՝ ընդդեմ ռևիզիոնիզմի (հաստատված փաստերի վերանայման) կամ մեր ընդհանուր գործը մղող հիմնարար արժեքներից հրաժարվելու ցանկացած փորձի։ Զոհերի հիշատակը, նրանց ժառանգների արժանապատվությունը և պատմության դասերը չեն կարող զոհաբերվել կարճաժամկետ շահերի անվան տակ»։