ԱՄՆ-ի հետ էներգետիկ պայմանավորվածությունները, որ ստորագրվեցին, խիստ վտանգավոր է. աղետ է լինելու. Արամ Մանուկյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ես հայ-ամերիկյան ռազմավարակլան գործընկերության փաստաթղթի ստորագրումը ամբողջությամբ իր համատեքստում դրական եմ համարում. մենք կողմ ենք ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ի հետ, Չինաստանի հետ բոլորի հետ կապ ունենալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Դա Հայաստանի իսկական դիվերսիֆիկացիան է, բոլոր առումներով տնտեսական, քաղաքական, ժողովրդավարական բոլոր առումներով։ Դա նաև կարող է որոշ չափով բարձիկ լինել անվտանգության համար կարճ ժամանակում:

Ինձ այդ ընդհանուր ֆոնի վրա խիստ մտահոգում են էներգետիկ պայմանավորվածությունները, որ Արարատ Միրզոյանը ստորագրեց ԱՄՆ-ի հետ: Սա խիստ վտանգավոր, չափազանց վտանգավոր դրույթ է, որ մենք փորձում ենք մտնել ամերիկյան խաղաղ ատոմի ծրագրի մեջ։

Ոչ թե որ վատ է, որ մենք էներգետիկ առումով դիվերսիֆիկացվում ենք կամ համագործակցում ենք, ամենևին դրա մասին չէ խոսքը։ Էներգետիկ այդ խողովակաշարերով քաղաքականություն է հոսում, անվտանգություն է հոսում, տնտեսություն է հոսում, հեռանկար է հոսում և դիվանագիտություն, որը քեզ կապում է այդ երկրների հետ։ Օրինակ, եթե մերոնք խելոք լինեին 1996-ից սկսած Բաքու-Ջեհյանը անցներ Հայաստանով, որ ամենակարճ էր և ամենաէժանը, ամենաարդյունավետը և Ղարաբաղի հարցեր ժամանակ լուծված կլիներ և մենք ամբողջապես այդ եվրոպական, թուրքական, ռուսական համակարգի մեջ կլինեինք, մեր ձեռքին էլ կլիներ մի հատ վինտիկ, որը կարող էինք անհրաժեշտության դեպքում փակել: Մենք դա չարեցինք և զրկված ենք այսօր բոլոր այդ կոմունիկացիաներից։

Հիմա ամերիկացիների առաջարկը ի՞նչ է։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը հստակ իմանա. ամերիկացիները մեզ առաջարկում են մոդուլային փոքր ատոմակայաններ, որոնք փոքր են 5-7 անգամ իրենց հզորությամբ մեր ատոմակայանից: Դրանք նախատեսված են այնպիսի վայրերի համար, որտեղ կոմունիկացիաներ չկան: օրինակ, ռուսները միակ տեղը, որ դա արել են փորձնական, Չուկոտկայում է: Իրենք փորձեցին տանել Աֆրիկա, Չինաստան, ոչ մեկը չվերցրեց, որովհետև ռիսկային է:

Տասնյակ տարիներ այդ տեխնոլոգիաները մշակվում են, բայց ոչ մի երկրում  մոդուլային ատոմական դրված չէ։ Սա ռիսկային է, որովհետև ԱԷՄԳ-ը ունի հստակ կանոնակարգ. Ատոմային բոլոր նոր տեխնոլոգիաները, որ ուզում են կիրառել, վաճառվել, տարածվել, պետք է երեք տարի փորձնական աշխատելու ընթացքում միայն դրական արձագանքներ ունենան, որից հետո թույլատրվում է այդ երկրներին և այդ ֆիրմաներին վաճառել այդ տեխնոլոգիան:

Դրանք անվտանգ չեն, քանի որ մոդուլար են  և կարող են լոկալ բնույթի աղետների պատճառ դառնալ: Դրա համար նրանք կիրառում են Չուկոտկայում, որ եթե հանկարծ աղետ լինի այդ փոքր մոդուլային ատոմակայաններում, ապա էլի լոկալ կլինի։ Հայաստանի համար դա բացառվում է, որովհետև, եթե Հայաստանում ինչ-որ բան լինի, ճառագայթում լինի, ամբողջ տարածաշրջանը՝ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը, Վրաստանը կճառագայթվեն:

Եվ ամենակարևոր գործոնն այն է, որ դա փորձարկված չէ: Չփորձարկված բանը բերել Հայաստան չի կարելի: Մենք դաշտամուկ չենք, նապաստակ չենք, որ մեր երկրի վրա բերեն այս ձևի փորձարկումներ անեն։ Այն էլ այն դեպքում, երբ սա պայման է Մեծամորի ատոմակայանը փակելու: Մեծամորի ատոմակայանի փակելու քավորը ադրբեջանցիները և թուրքերն են: Ատոմակայանը մեր անվտանգության կարևորագույն առանցքներից մեկն է»,-ասաց Արամ Մանուկյանը:

Նա հայտարարեց, որ մեծ հավանականություն կա, որ դա աղետի է բերելու. «Այս առումով, որ ես դիմում եմ ՔՊ-ից ասենք Բաբկեն Թունյանին, էկոնոմիկայի նախարարին, գնացեք, ուսումնասիրեք,  իմ ասած նյութերը հասանելի են:

Մոդուլային ատոմականի խնդիրը դեռ կարմիր գծեր չի անցել, դեռևս հնարավոր է ձգել կամ կանգնեցնել այս ծրագիրը, որովհետև եթե դու պայմանագիր ստորագրեցիր և փողեր եկան, դու հետո չես կարող հետ պտտել այդ ծրագիրը»,- ընդֆգծեց Արամ Մանուկյանը: