Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև. ԵԱՏՄ գործարար խորհրդի գործադիր քարտուղար

Մանրամասներ
Սերգեյ Միխնևիչ

ԵԱՏՄ գործարար խորհրդի գործադիր քարտուղարը վստահեցնում է, որ դեպի Արևմուտք շրջադարձը կարող է բացասաբար անդրադառնալ նաև հայ–իրանական առևտրային հարաբերությունների վրա։

Հայաստանը և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում գտնվելու հնարավորություն չի ունենա, ինչը նշանակում է, որ պաշտոնական Երևանը պետք է միանշանակ ընտրություն կատարի, «Sputnik на русском»–ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՏՄ գործարար խորհրդի գործադիր քարտուղար, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Սերգեյ Միխնևիչը։

Նրա խոսքով` եթե որոշում կայացվի հօգուտ ԵՄ-ի, ապա ԵԱՏՄ-ի կողմից կսահմանվեն սակագնային պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները, և առևտրի անկումը շատ լուրջ կլինի։

«Ինչ վերաբերում է նրան, թե ինչ առավելություններ և պոտենցիալ կորուստներ կարող է ունենալ ՀՀ տնտեսությունը, ահա ընդամենը մի քանի թիվ։ Եթե դիտարկենք Հայաստանի ՀՆԱ-ի բացարձակ դինամիկան, կտեսնենք, որ 2015-ից մինչև անցյալ տարի 9,5 միլիարդ դոլարից հասել է 24 դոլարի։ Թվերն ինքնին խոսուն են։ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտուրը գրեթե 1,8 անգամ շատ է, քան ԵՄ բոլոր երկրների հետ միասին վերցրած։ Այդ իսկ պատճառով մենք հույս ունենք, որ մեր հայ բարեկամները ուշադիր և պրագմատիկորեն են մոտենում իրենց շահերի և պոտենցիալ ռիսկերի գնահատմանը», – նշել է Միխնևիչը։

Նրա խոսքով` դեպի Արևմուտք շրջադարձը կարող է բացասաբար անդրադառնալ նաև Իրանի հետ Հայաստանի առևտրային հարաբերությունների վրա։

Միխնևիչի դիտարկումներով` առևտրի ինտենսիվության ցուցիչը ցույց է տալիս, որ հայ գործընկերներն արդյունավետ են օգտագործում Իրանի հետ առևտրային կապերը, ինչը պայմանավորված է նաև ԵԱՏՄ–ում Հայաստանի ներկայությամբ։

Sputnik–ի զրուցակիցը օրինակ է բերել միջազգային պրակտիկայից, որն առնվազն պետք է զգաստացներ ՀՀ իշխանություններին։ Մասնավորապես ԵՄ–ի հետ բանակցությունների ընթացքը և Եվրոպային աշխարհագրորեն մոտ լինելը թույլ էին տալիս հույս ունենալ, որ Թուրքիան կանդամակցի Եվրամիությանը, բայց, ինչպես տեսնում ենք, գործընթացը մինչ օր արդյունք չի տվել։

«Այդ իսկ պատճառով նրանց (հայկական կողմի. խմբ.) փոխարեն անձամբ ես կմտածեի», – եզրափակել է Միխնևիչը։

Ավելի վաղSputnik Արմենիա ռադիոկայանի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասել էր, որ կեղծ եվրաինտեգրման օրակարգն առաջ տանելով՝ իշխանությունները հույս են վաճառում իրենց կառավարումը երկարացնելու համար։